Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին վերջնական ընթերցմամբ կընդունի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը. Կոբախիձե
Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ի լիագումար նիստում երրորդ և վերջին ընթերցմամբ կընդունի, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Այս մասին վրացի լրագրողների հետ մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է rbc.ru-ը:
«Վաղը Վրաստանի խորհրդարանը կգործի Վրաստանի բնակչության մեծամասնության ռացիոնալ կամքին համապատասխան և երրորդ ընթերցմամբ կընդունի օրենքը, որը վճռորոշ դեր կխաղա, այսպես կոչված, դրսից պարտադրված բևեռացման դադարեցման գործում»,- ասել է Կոբախիձեն։
Աղմկահարույց օրենքի նախագծի շուրջ քննարկումները տեղի են ունենում խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության բողոքի ցույցերի ուղեկցությամբ:
Իշխող թիմի ներկայացուցիչները հավաստիացնում են, որ իրենց նպատակն է ֆինանսական թափանցիկություն ապահովել ոչ-կառավարական ոլորտում՝ պարտավորեցնելու այն բոլոր հասարակական կազմակերպություններին ու լրատվամիջոցներին, որոնց ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսն օտարերկրյա ծագում ունի, տարեկան հայտարարագիր ներկայացնել, հակառակ դեպքում օրենքով սահմանել մոտ 10 հազար ամերիկյան դոլարին համարժեք տուգանք։

