ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է․Վեդանտ Պատել

Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված մնալ հայ-ադրբեջանական  բանակցություններում և  շարունակում է հավատալ, որ կողմերի միջև խաղաղությունը հնարավոր է։

Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով ադրբեջանցի լրագրողի՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում մայիսի 10-11-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքների վերաբերյալ հարցին։

«Ես պարզապես կասեմ, որ մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է»,- ասել է Պատելը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել խաղաղության գործընթացին։

Նա նաև հավելել է, որ Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այլ թարմացումներ չունի։

Ղազախստանի Ալմաթի քաղաքում մայիսի 10-11-ին տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։