«Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից

«Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել մեկ անձի։ Այս մասին հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանին և նրա դստերը դիմավորել են «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ դավաճան», «թուրք» , «առանց թուրք Հայաստան» և այլ վանկարկումներով։ Աննա Հակոբյանին միայն ոստիկանական ուժերի միջնորդությամբ է կարողացել մոտենալ անմար կրակին։

2024թ․ ապրիլի 24-ին Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, և հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել էր 7 անձ։