Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Երևան են տեղափոխել։

Հիշեցնենք, որ նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ գյուղերի բնակիչները փակել էին՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած սահմանազատման գործընթացին և պահանջելով Հայաստանի իշխանություններից միակողմանի զիջումներ չանել Ադրբեջանին։ Նրանց թվում են եղել  քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որին այնուհետև տեղափոխվել էին հիվանդանոց,  Վահագն Մախսուդյանը, Միքայել  Մարտիրոսյանը, Էդմոն Ղուլիջանյանը, Եղիշե Մախսուդյանը և ուրիշներ։

Բերման ենթարկածներին որոշ ժամանակ անց ազատ են արձակել, բացի Սուրեն Պետրոսյանից։