Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը որոշել է հրաժարական տալ

Տավուշի մարզի Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը գյուղապետարանի մոտ հավաքված քաղաքացիներին հայտարարել է, որ ուզում է հրաժարական տալ։ Պատճառն այն է, որ երեկ կառավարության շենքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ Նոյեմբերյանի քաղաքապետի, Բաղանիս, Ոսկեպարի, Կիրանց և Բերքաբեր գյուղերի վարչական ղեկավարների հետ տեղի ունեցած հանդիպումն արդյունավետ չի եղել։

Կառավարության ներկայացուցիչները չեն համաձայնել համայնքների ղեկավարների առաջարկին։ Նա գյուղացիներին հայտնել է, որ իշխանությունները ոչ մի նոր բան չեն ասում, ինչ պլանավորել են, դա էլ անելու են:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից և մինչև հուլիսի 1-ը ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը:

Նույն օրը երեկոյից սկսած Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները, որոնք դժգոհ են Երևանի և Բաքվի պայմանավորվածություններից, բողոքի ակցիաներ են իրականացնում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին՝ փակելով դեպի Բագրատաշենի և Բավրայի անցակետեր տանող ճանապարհները: