Երևանում կրկին փորձում են արգելել փողոցային առևտուրը
Առավոտյան Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները ոստիկանների հետ համատեղ ստուգումներ են իրականացնում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, որպեսզի արգելեն փողոցային առևտուրը։
«Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում: Մեղք են, երեխա են պահում, ի՞նչ անեն»,- փողոցային առևտրով զբաղվողներին սկսեցին պաշտպանել անցորդներն ու մոտակա տարածքի բնակիչները։
«Մենք այստեղից ենք օգտվում: Խանութը հոր գներն է դնում, իսկ այստեղ կարողանում ենք սակարկել: Օրինակ, «Սիթիում» մառոլը 150-160 դրամ է, այս մարդիկ 100 դրամով են տալիս, ինձ ձեռ է տալիս: Ինչու պետք է «Սիթին» օգտվի: Սա էլ իրենց աշխատանքն է»,-ասաց մի կին:
Մեկ ուրիշն էլ շարունակեց. «Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա: Գնացեք Ոսկեպարը պահեք, Ղարաբաղը պահեք»:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայություն պետ Արամ Գյուրզադյանն ասաց, որ 26 հատ շուկա է հատկացվել, սակայն մարդիկ չեն գնում: «Երևանում փողոցային առևտուրն արգելված է: Ձեզ համար հաճելի՞ է, որ փողոցից առևտուր եք անում: Եթե մեր քաղաքացիները իրավագիտակցություն դրսևորեն, ոտքի տակից առևտուրը չանեն, էս մարդիկ կգնան շուկաներ: Օրենքն արգելում է, ինչի՞ չեք հարգում օրենքը»,-նշեց նա, ինչին առևտուր անող կինն արձագանքեց․«Բոլոր շուկաներն էլ գիտենք, մանավանդ Լֆիկի շուկան, ինչի՞ էնտեղ ստուգում չեք անում»։
Հիշեցնենք՝ վարչական իրավախախտումներ վերաբերյալ օրենսգրքով փողոցային առևտուրն արգելված է, իսկ ստուգումների արդյունքում հայտնաբերված ապրանքն առգրավվում է։

