ԱՄՆ-ը և նրա արբանյակները թույլ չեն տալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների իրականացումը․ Լավրով
Մինսկում ԱՊՀ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստում քննարկվել է ասոցիացիայի պետությունների գործերին արտաքին ուժերի միջամտության հարցը։ «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այո, (ԱՊՀ երկրների գործերին արտաքին ուժերի միջամտության թեման – խմբ.) քննարկվել է նեղ կազմով հանդիպմանը… Բոլորն ամեն ինչ հիանալի հասկանում են։ Միացյալ Նահանգները և նրա արբանյակները փորձում են ներխուժել մեր ընդհանուր տարածքի բոլոր շրջանները՝ փորձելով խարխլել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները և չեն ցանկանում թույլ տալ, որ իրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի աջակցությամբ»,- ասել է Լավրովը ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
«Հսկայական ճնշման ներքո մեր դաշնակիցները և ռազմավարական գործընկերները հավատարիմ են մնում բոլոր հիմնական սկզբունքներին, որոնց վրա հիմնված է համագործակցությունը ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, Եվրասիական տնտեսական միության և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում: Վստահ եմ, որ ռազմավարական առումով արևմտյան գիծը դատապարտված է ձախողման»,- ընդգծել է ռուսաստանցի պաշտոնյան։

