ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին չմասնակցելը հերթական արկածախնդրությունն է. Ռուստամյան

«ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին Արարատ Միրզոյանի չմասնակցելը հերթական արկածախնդրությունն է»,- այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Այս արկածախնդրությունը վաղուց է սկսվել։ Մենք բազմիցս ասել ենք` կարելի է հազար հարցով դժգոհել ՀԱՊԿ-ից, դժգոհել մեր ռազմավարական գործընկերոջ պահվածքից, բայց կատարվում են քայլեր, որոնք նշանակում են վեկտորի փոփոխություն, նշանակում են Ռուսաստան-միավորված Արևմուտք պատերազմը տեղափոխել Հայաստան։ Սա ամենակործանարար հետևանքը կարող է ունենալ Հայաստանի համար:

Խոսում են, թե սա փոխարինում չէ մեկը մյուսով, դիվերսիֆիկացիա է, բայց դիվերսիֆիկացիա նշանակում է նաև որոշակի քայլեր կատարել այլ ուղղությամբ: Օրինակ, ի՞նչն է խանգարում գնալ այդ նիստին ու քեզ հուզող հարցերը բարձրացնել: Կարծում եմ` պահանջ է  դրված, որ Հայաստանը պետք է միանա հակառուսական ճակատին, ու այդ խնդիրը «բարեհաջող» իրականացնում է այսօրվա իշխանությունը»,- ասաց Արմեն Ռուստամյանը։