ՌԴ Օրենբուրգի մարզում ավելի քան 4 հազար մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով, Օրսկում ամբարտակն ամբողջությամբ փլուզվել է

Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզում ջրհեղեղի վտանգ առաջացրած հեղեղումների պատճառով տարհանվել է 4208 մարդ: Այս մասին հայտնել են շրջվարչակազմի մամուլի ծառայությունից։

Հեղեղումները հասել են գագաթնակետին: Մի շարք տարածքներում, հատկապես Օրսկում իրավիճակն ավելի է բարդացել՝ ամբարտակը չի կարողացել զսպել ջրի հոսքը և ամբողջությամբ փլուզվել է:

Ջրի տակ են անցել ավելի քան 2400 բնակելի տուն և 3065 տնամերձ տարածք։ Տարհանվել է 711 մարդ, նրանց թվում՝ 210 երեխա։
Ժամանակավոր տեղավորման կենտրոններ են տեղափովել 257 մարդ, նրանց թվում՝ 76 երեխա։
Օպերատիվ ծառայությունների տվյալներով՝ քաղաքում հայտնաբերվել է երեք մարդու դի, մահվան պատճառը պարզվում է: Ընդ որում հայտնի է, որ զոհվածներից մեկը հրաժարվել էր տարհանվել։

Նահանգապետ Դենիս Պասլերը հայտնել է, որ  մարդիկ ապահով են, տարհանվածներն ապահովված են սննդով և ջերմությամբ։ Նա նշել է, որ մասնագետները շարունակում են պարզել տեխնիկական հարցերը:

Մարզի ղեկավարության տվյալներով՝ Օրենբուրգի մարզում տեղակայման համար պատրաստվել են 495 ժամանակավոր տեղավորման կենտրոններ՝ 82 հազար 325 մարդու համար, որից 8275 քնատեղ  ջրհեղեղից ազատ գոտում է:
Մարզի 31 մունիցիպալիտետներում ջրհեղեղի ժամանակ տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակվել են 47 կամրջային կառույց և ավտոճանապարհների 106 հատված, որտեղ հալոցքային ջրերը հեղեղել են ճանապարհիը:

Մատակարարող ընկերություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով, ակտիվորեն իրականացվում են բնակեցված տարածքների հոսանքի միացումներ, անհրաժեշտության դեպքում՝ նաև անջատումներ:

Հեղեղումից առաջացած լարված իրավիճակի պատճառով Օրենբուրգի մարզում արտակարգ դրություն է հայտարարվել։