Քոլեջի 17-ամյա ուսանողի սպանության վարույթով 2 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսը հետախուզվում է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Հիշեցնենք, որ 17-ամյա երիտասարդը, ով ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հետ տևական ժամանակ, անձնական հարցի առնչությամբ, գտնվել է թշնամական հարաբերությունների մեջ, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել էր սույն թվականի մարտի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց 52/3 հասցեի մոտ:
Վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական անհրաժեշտ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից ևս երկուս անձի ինքնություն, ովքեր սպանության կասկածանքով ձերբակալված 21-ամյա երիտասարդի ընկերներն են: Քննիչների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում ընկերներից մեկը և 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել:
Իրականացված վարութային գործողություններով անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել են իրավական գնահատականներ:

