Գարիկ Գալեյանը կմնա տնային կալանքի տակ
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը ևս երկու ամիս կմնա տնային կալանքի տակ։
Գալեյանի պաշտպանները խափանման միջոց տնային կալանքը վարչական հսկողությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի նա կարողանա այցելել որդու շիրիմին, սակայն դատարանը մերժեց այն։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերի 6-ին, կալանավորվել՝ սեպտեմբերի 9-ին։ Ավելի ուշ Գալեյանի իրավապաշտպան Վահան Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Գալեյանի առողջական վիճակով պայմանավորված, նրա խափանման միջոցը փոխարինելու միջնորդություն են ներկայացրել դատարան, ինչից հետո խափանման միջոցը կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։
ՔԿ-ից հայտնել էին, որ Գարիկ Գալեյանին երկու մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հիմքով և իրացման նպատակով թմրամիջոց պահելու։

