Ստացվում է, որ մենք պարալիզացնում ենք ամբողջ պետական համակարգի աշխատանքը. Վահան Քերոբյանը՝ Անի Իսպիրյանի ձերբակալության մասին
«Իզուր չէր, որ նշեցի 100 մլրդ դրամի մոբիլիզացիա է եղել և վերջերս իրավապահների հայտնաբերած խախտումները վերաբերում է 234 մլն դրամին, որն ընդհանուր ծավալի 0.2 %-ն է։ Սովորական բանկերը, երբ որ վարկավորում են անում, ի սկզբանե 2-3 %-ը դնում են, որ կկորի»,-կառավարության նիստում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով փոխնախարար Անի Իսպիրյանի ձերբակալությանը։
Քերոբյանը վստահեցրեց, որ խոսք է գնում, ոչ թե գողության մասին, այլ՝ շահառուների կողմից խարդախություն անելու։
«Այդ խարդախության համար եթե պատժվում են մարդիկ, ովքեր չեն գողացել կամ ապացուցված չէ, որ գողացել են, ստացվում է, որ մենք պարալիզացնում ենք ամբողջ պետական համակարգի աշխատանքը։
Ես խոսում եմ մեր գործընկերների հետ, գյուղատնտեսական վարչությունները հարց են տալիս՝ եթե մարդուն գողության համար չեն բռնել, մենք ինչպե՞ս շարունակենք աշխատել, որ վստահ լինենք, որ մեր ազնիվ աշխատանքը վերջում չի պատժվի։ Դրա համար մենք պետք է մշակութային փոփոխություն անենք, հասկանանք, թե թո՞ւյլ ենք տալիս, որ մարդիկ երբեմն սխալներ թույլ տան, չնայած՝ այս պարագայում ես վստահ եմ՝ կպարզվի, որ այդպիսի սխալներ էլ առանձնապես չկան»,-հայտարարեց Քերոբյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց․«Ընթացակարգային խախտումն այլ բան է, բայց ծրագրավորված, պլանավորված չարաշահումը, յուրացումը, կաշառքը լրիվ ուրիշ բան է։ Իհարկե, մեր ընթացակարգերն այնքան բարդ ու խճճված են, որ երբեմն սատանան ինքը գլուխ չի հանի, բայց սկզբունքը հետևյալն է՝ բյուջեից փող տարվե՞լ է, թե ոչ, ընդորում՝ էական չէ, թե ով է տարել»,-ասաց Փաշինյանը։

