ՀՀ-ում ոսկու ձուլակտոր դեռևս չի արտադրվում, բայց հավանական է, որ նորություններ ունենանք. Քերոբյան

Այն տնտեսական քաղաքականությունը, որը վարում ենք, բավական արագ մեզ մոտեցնում է կառավարության դրած թիրախին` ապրանքների ու ծառայությունների արտահանման ցուցանիշը հասցնել ՀՆԱ-ի 60 տոկոսին, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Քերոբյանից հետաքրքրվեց` Հայաստանում ձուլակտորներ արտադրվո՞ւմ են:

«Ինչպե՞ս ստացվեց, որ երկրում, որտեղ գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը տարեկան կտրվածքով  1.2 ու 4.5 տոկոսի չափով են աճել, հանկարծ արտահանումները մեծացան, ինչպե՞ս եղավ, որ ադամանդների արտահանումը 660 միլիոն դոլարի կարգի դարձավ»,- նշեց Խաչատրյանը:

Վահան Քերոբյանն էլ ասաց, թե Հայաստանում ոսկու ձուլակտոր չի արտադրվում:

«Իսկ ոսկու հանքերը որ կան, արտահանում են անմշակ ոսկի, ու դա ՀՀ-ում դեռևս վերջնական  ստանդարտի ոսկու ձուլակտոր չի դառնում, բայց այդ ուղղությամբ աշխատում ենք, ու հավանական է, որ կունենանք նորություններ»,- ասաց նախարարը: