ՌԴ-ի համար կարևոր է, որ ՀՀ-ի անդամակցությունը ՄՔԴ-ին բացասաբար չազդի երկկողմ հարաբերությունների վրա

Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանի անդամակցությունը միջազգային քրեական դատարանին դե յուրե և դե ֆակտո բացասաբար չազդի երկկողմ հարաբերությունների վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա։ Դա ընդհանուր առմամբ Հայաստանի սուվերեն իրավունքն է»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի համար փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։ Հայաստանի խորհրդարանը Հռոմի կանոնադրությունը վավերացրել էր 2023 թվականի հոկտեմբերի 3-ին։  

Միջազգային քրեական դատարանը 2023 թվականի նոյեմբերին հայտնել էր, որ Հայաստանի համար Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից։

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն առաջացրել էր ռուսական կողմի դժգոհությունը, քանի որ Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր էր տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ը նույնիսկ բողոքի նոտա էր հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։