Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների փաստը «կասկածից վեր է»․ Զատուլին

Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նախօրեին անդրադառնալով Երևանում պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի պղծած տղամարդու գործողություններն անվանել է «բարբարոսություն»։ Նա ենթադրմամբ՝ այդ մարդը «խելքը թռցրել է»։

«Հուշարձանի պղծման փաստը, եթե դա իսկապես եղել է, ապա նա կա՛մ խելագար է, կամ խելքը թռցրել է,  կամ չգիտեմ ինչպես բնութագրել նրան, ամեն դեպքում, այն ամենը, ինչ կապված է հուշարձանի պղծման հետ, վրդովեցուցիչ  է»,- «Գազետա.ռու»-ի հետ զրույցում ասել է պատգամավորը։

Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականում կատարվել է՝ «ինչ էլ ասեն մեր աշխարհում, միջազգային կազմակերպություններում և այլն»։ Զատուլինի խոսքով, էթնիկ զտումների փաստը «կասկածից վեր է»։

«Գոնե այն առումով, որ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը լքել է իր տները այն երկրից, որն իր հայրենիքն է», – բացատրել է Զատուլինը:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Զախարովան հունվարի 12-ին կայացած ճեպազրույցում անդրադարձել էր Արցախում էթնիկ զտումների թեմային։ «Ղարաբաղում էթնիկ զտումների մասին պնդումների վերաբերյալ ես կցանկանայի, որ որոշ փաստեր ներկայացվեին։ Եթե կա գոնե որևէ փաստաթուղթ Երևանում հեղինակավոր համարվող որևէ միջազգային կազմակերպության (օրինակ՝ ՄԱԿ-ի կամ որևէ այլ կազմակերպության) կողմից, որը ցույց է տալիս, որ նման էթնիկ զտումներ են տեղի ունեցել, խնդրում ենք տրամադրել մեզ այս փաստաթղթի հղումները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։