Ամեն մի տգետ իրավունքի ունի կարծիք հայտնելու, իսկ եկեղեցին ո՞չ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Եկեղեցին երբևէ իշխանություն դառնալու հավակնություն չի դրսևորել: Եկեղեցին ընդամենը երկրում ծավալվող իրադարձությունների վերաբերալ իր մտահոգություններն է արտահայտել: Այս մասին 5-րդ ալիքի հարցազրույցում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Հարցին, թե եկեղեցին իրավունք ունի՞ խառնվել քաղաքական գործընթացներին՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը պատասխանեց, որ նմանօրինակ հայտարարությունները իշխանության ներկայացուցիչների կողմից, իրեն հիշեցնում է ինչ-որ մի «հնամաշ երգի ակորդներ»:

«Եկեղեցին երբևէ իշխանություն դառնալու հավակնություն դրսևորե՞լ է, ոչ, չի դրսևորել: Եկեղեցին ընդամենը երկրում ծավալվող իրադարձությունների վերաբերալ իր մտահոգություններն է արտահայտել: Եկեղեցականը, որն ունի բարձրագույն կրթություն, որոշակի պատրաստվածություն, ինչու պետք է զրկված լինի այդ հնարավորությունից: Ինչու ենք մենք ստիպված լինում դիրքորոշումներ որդեգրել այնպիսի հարցերի վերաբերալ, որոնք քաղաքական են, դա լավ օրից չէ, վատ օրից է, հաճելի չէ, զբաղվել այն հարցերով, որոնք ուղղակի քո պարտավորությունների մեջ չեն մտնում, բայց դառնում են քո ուղղակի պարտականությունը, երբ որ իրապես որոշակի ռիսկեր, վտանգներ են ներկայացնում քո երկրի համար: Հիմա, երբ որ դու Արցախը կորցրել ես, Հայաստանի համար ստեղծել ես գոյաբանական սպառնալիքներ, այդ սպառնալիքները մեզ չե՞ն վերաբերում, էդ վտանգները մեզ չե՞ն վերաբերում, չե՞ն վերաբերում այն մարդկանց, որոնց հետ մենք ամենօրյա կոնտակտի մեջ ենք: Այս կոնտեքստի մեջ որ նայում ես, ուղղակի անհեթեթություն  է և իրենց բնորոշ մանիպուլյացիա է այս թեզերի շրջանառությունը՝ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում: Երկրորդ, այն, ինչի մասին, որ եկեղեցին խոսում է, այդ մասին եկեղեցին խոսել է 2000 տարիներ: Ամեն մի տգետ իրավունքի ունի կարծիք հայտնելու, իսկ եկեղեցին ո՞չ, դա ուղղակի տգիտություն է, ես հատուկ եմ այդ բառը օգտագործում, որ իրենք որոշակի վիրավորանք ունենան և դադարեն դա շրջանառելուց»,-ասել է նա: