Բելգորոդում կործանվել է ուկրաինացի գերիներ տեղափոխող ինքնաթիռը

ՌԴ Բելգորոդի մարզում Իլ-76 ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Օդանավում եղել է Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինվորական, որոնք փոխադրվել էին Բելգորոդի մարզ՝ փոխանակման նպատակով, հայտնել է ՌԴ ՊՆ-ը:

Բացի այդ, օդանավում եղել է ինքնաթիռի անձնակազմի 6 անդամ և ՌԴ պաշտպանության նախարարության 3 ուղեկցող անձ։

Ըստ Mash թելեգրամյան ալիքի տեղեկությունների՝ ուկրաինական կողմին նախազգուշացվել է գերիներին Բելգորոդ ծրագրված տեղափոխման մասին։ Փոխանակումը պետք է տեղի ունենար այսօր։

Նշվում է, որ Բելգորոդի մարզում Իլ-76-ի կործանման վայր է մեկնել հանձնաժողով՝ աղետի պատճառները պարզելու համար, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը նույնպես իր թելեգրամ-ալիքում հայտնել է «միջադեպի» մասին։

«Միջադեպ Կորոչանսկի թաղամասում: Դեպքի վայրում այս պահին աշխատում են քննչական խումբը և ԱԻՆ աշխատակիցները։ Փոխեցի աշխատանքային գրաֆիկս ու մեկնեցի տարածք։ Բոլոր մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ»,- գրել է Բելգորոդի նահանգապետը։