Եմենում իրավիճակի սրացումից հետո նավթի գներն աճել են
Եմենում իրավիճակի սրացումից հետո Brent տեսակի նավթի գներն աճել են 2%-ով՝ հասնելով 78,94 դոլարի՝ մեկ բարելի համար (+ 1,54 դոլար), հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ West Texas Intermediate անմշակ նավթի ֆյուչերսներն աճել են 2,1%-ով՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի համար (+ 1,53 դոլար): Բազային ինդեքսների արժեքը, ինչպես նշում է Reuters-ը, նախորդ օրվա համեմատ աճել է գրեթե 1%-ով։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հուսիներ) ապստամբական շարժման օբյեկտներին: ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Եմենում 16 օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 հրթիռ՝ խոցելով ավելի քան 60 թիրախ:
Հուսիների ղեկավարության ներկայացուցիչ Աբդուլլահ բեն Ամերը Al Jazeera հեռուստաալիքին իր հերթին հայտնել է, որ շարժումը կհարվածի տարածաշրջանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բազաներին, եթե այդ երկու երկրներն ընդլայնեն ռազմական գործողությունների մասշտաբները:

