Բաքուն Ֆրանսիային կոչ է արել չմիջամտել իր ներքին գործերին

Ֆրանսիայի ԱԳՆ-ը դատապարտել է Ադրբեջանի կողմից իր քաղաքացու՝ Մարթին Ռիանի կալանավորումը։  Բաքվի և Փարիզի միջև լարված հարաբերությունների համապատկերին Ադրբեջանը ֆրանսիացուն մեղադրում է լրտեսության համար:

Ինչպես նշում է «Ռոյթերսը», Ֆրանսիայի ԱԳՆ-ը հաստատել է կալանավորումը՝ հավելելով, որ Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչները կարողացել են երկու անգամ այցելել տղամարդուն։

«Մենք Ադրբեջանի իշխանություններին հայտնել ենք, որ այս կալանավորումը համարում ենք կամայական և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել մեր հայրենակցին», – հավելել է Ֆրանսիայի ԱԳՆ-ը։
Ի պատասխան Բաքուն կոչ է արել ֆրանսիական կողմին դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Ֆրանսիայի քաղաքացու կալանավորման առնչությամբ։
«Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պնդումները Ֆրանսիայի քաղաքացու անհիմն կալանավորման վերաբերյալ որևէ հիմք չունեն։ Այս հայտարարությունը իրականության խեղաթյուրում է, Ադրբեջանի ներքին գործերին և օրինական հետաքննության գործընթացին միջամտելու հերթական փորձ»,- ասել է Հաջիզադեն։

Ըստ նրա՝ չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի ԱԳՆ-ը բանավոր նոտա է ուղարկել Ֆրանսիայի դեսպանատուն՝ նշված անձի և Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի համագործակցության հարցը ուսումնասիրելու նպատակով, ֆրանսիական կողմը հրաժարվել է որևէ բացատրություն տալ և համագործակցել հետաքննության հետ։

«Այդ կապակցությամբ դեսպանատան այս երկու աշխատակիցն Ադրբեջանի կողմից հայտարարվել են անցանկալի անձինք։ Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում ֆրանսիական կողմին՝ դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին և քննչական գործողություններին»,- ասել է Հաջիզադեն։