Երևանի ո՞ր փողոցներում կայանելու համար քաղաքացին պետք է վճարի 160 000 դրամ
Երևանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստում ավելի քան 2 ժամ բանավեճերից ու քննարկումներից հետո, 32 կողմ և 3 դեմ քվեարկությամբ ընդունեց կարմիր գծերի թանկացման նախագիծը։ Նախագիծը չէր ընդունվի, եթե «Հանրային ձայն» խմբակցության ներկայացուցիչները չմասնակցեին քվեարկությանը, սակայն նրանք չմիացան ընդդիմությանը։
Ըստ այդմ՝ Երևանի համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերի առաջարկվող փոփոխություններով պայմանավորված՝ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով:
Առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել Ա և Բ գոտիներ:
Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց և պողոտա: Նշված հատվածներում, ըստ առաջարկվող տարբերակի, նախատեսվում է կիրառել հետևյալ դրույքաչափերը.
Ա գոտի՝
Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 300 դրամ
Յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 2000 դրամ
Մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ
Մեկ ամսվա համար՝ 18000 դրամ
Մեկ տարվա համար՝ 160 000 դրամ
Բ գոտի՝
Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 200 դրամ
Յուրաքանչյուր 1 օրվա համար 1000 դրամ
Մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ
Մեկ ամսվա համար՝ 4000 դրամ
Մեկ տարվա համար՝ 24 000 դրամ։
Նախաձեռնության հիմքում առաջնահերթ՝ մայրաքաղաքի փոքր կենտրոնն էականորեն բեռնաթափելն է, այլ ոչ համայնքային բյուջեի եկամուտներն այս կերպ ավելացնելը, սակայն պարզվեց, որ ակնկալվում է 2024 թվականին ունենալ 1 մլրդ 350 մլն դրամի եկամուտ՝ կարմիր գծերի վարձավճարներից։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նիստի ընթացքում տեղեկացրեց, որ հաջորդ նիստին՝ ամենայն հավանականությամբ փետրվարին կքննարկեն հավելյալ արտոնությունների առաջարկությունները։
Հաջորդ նիստը տեղի կունենա 2024 թ-ի փետրվարի 13-ին։
Աղբյուր` Փաստինֆո

