Չի բացառվում, որ լռեն նաև այս դեպքում․ պետք է ստիպել, որ խոսեն
Երեկ Baku Media Center յութուբյան ալիքով տեղի ունեցավ Հադրութ, դու ազատ ես՝ 46 րոպեանոց ֆիլմի պրեմիերան: Սցենարիստը Ռասիմ Իսմայիլովն է, ռեժիսորը՝ Ջավիդան Շարիֆովը, գուշակեք, թե ո՞վ է գլխավոր պրոդյուսերը՝ Բաքվի մեդիակենտրոնի պրեզիդենտ Արզու Ալիևան, պրոդյուսերները նույն կենտրոնի գործադիր տնօրեն Օրման Ալիևը և Նազիմ Հուսեյնովը:
Ֆիլմի պատվիրատուն Ադրբեջանի հանրապետության մշակույթի նախարարության կից կինոյի գործակալությունն է, նախագծի իրականացնողները՝ Բաքվի մեդիակենտրոնը և Ադրբեջանֆիլմ կինոստուդիան: Շնորհանդեսը տեղի էր ունեցել օրեր առաջ, դեկտեմբերի 22-ին, Նիզամի կինոթատրոնում:
Սա փաստավավերագրական հռչակված երկրորդ ֆիլմն է՝ անցյալ տարվա Շուշի, դու ազատ ես ֆիլմից հետո:
Թե որքանով է այս ֆիլմը վավերագրական, կարծում եմ, դժվար չէ պատկերացնել: Պաշտոնական քարոզչամեքենայի պահանջներին համապատասխան խմբագրված պատմություն է էկրանավորվում ու թքած փաստերի խեղաթյուրումների դեմ ադրբեջանական սոցցանցերում պատերազմի իրական մասնակիցների գրառումներով ներկայացվող այլ իրականության վրա: Որոշվել է հոկտեմբերի 9-ը հռչակել Հադրութի ազատագրության օր՝ չնայած Հադրութը գրավվել է միայն հոկտեմբերի 11-ին, ըստ որում, իրենք էլ գիտեն, թե ինչպես է գրավվել:
Ինչևէ, Շուշիի մասին առաջին ֆիլմից հետո մենք ձեռնպահ մնացինք իրականության ու ֆիլմային բեմականացման հակասությունների քննարկումից ու մերկացումից՝ սպասելով, որ մեր մեջ կգտնվեն պատերազմի մասնակիցներ, ովքեր ի վերջո կխոսեն: Ցավոք, բոլորը մի տեսակ անհասկանալի ու վտանգավոր լռություն են պահպանում: Չի բացառվում, որ լռեն նաև այս դեպքում: Տպավորություն է ստեղծվում, որ լռողները տեղյակ են կամ գուցե մասնակից որոշակի մութ դեպքերի, որոնց արդյունքում իրար հետևից թշնամուն էին հանձնվում հայկական քաղաքներն ու գյուղերը:
Հանրային պահանջ է պետք ձևավորել ու ստիպել, որ խոսեն, իսկ եթե չխոսեն, կարծում եմ, ամեն ինչ բոլորիս համար պիտի առավել քան հասկանալի լինի այլևս:
Քաղաքագետ Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից

