Թեհրանը կտրականապես մերժում է որևէ կողմի ցանկացած հավակնություն իր երեք կղզիների վերաբերյալ. Աբդոլլահիան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Թեհրանը կտրականապես մերժում է որևէ կողմի ցանկացած հավակնություն իր երեք կղզիների վերաբերյալ, հայտնում է IRNA-ն։
Աբդոլահիանն այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան չորեքշաբթի Մարոկկոյում կայացած ռուս-արաբական համագործակցության 6-րդ համաժողովի՝ իրանական երեք կղզիների վերաբերյալ հայտարարությանը։
Իրանցի բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է, որ երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը երկրների միջև հարաբերությունների հիմնարար սկզբունքներից մեկն է, և Թեհրանը շատ լուրջ է վերաբերվում իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման հարցերին:
Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները ռազմավարական անվանելով՝ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը միշտ հարգել է Իրանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Նրա խոսքով՝ Մարոկկոյում կայացած հանդիպման վերջնական հայտարարությունը պատրաստելու բանակցությունների ընթացքում Ռուսաստանը ուշադրություն է դարձրել Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգմանը։
Դիվանագետները քննարկել են նաև Գազայի հատվածում տիրող իրավիճակի հետ կապված վերջին զարգացումները։

