Գործընթացն այժմ ընթանում է, դասագրքի հեղինակը աշխատում է առաջարկների և դիտողությունների վրա
«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի շուրջ ակադեմիական շրջանակի և հանրության շրջանում բարձրացված արձագանքից ելնելով՝ ԿԳՄՍ նախարարը նախաձեռնել է հանդիպում գրքի հեղինակի և բոլոր հետաքրքրված անձանց մասնակցությամբ: Բոլոր բարձրացված հարցերը փոխանցվել են հեղինակին, ով այժմ աշխատում է բոլոր հարցերի շուրջ: Այս մասին այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը՝ անդրադառնալով դասագրքի շուրջ առկա դժգոհություններին:
«Մեր վերջին հանդիպման ժամանակ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, ու բոլոր կարծիքները, դիտողություններն և դիտարկումները հանձնվել են դասագրքի հեղինակին, ով ամփոփաթերթի տեսքով նախարարություն կներկայացնի, թե յուրաքանչյուր դիտարկման կամ դիտողության վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի, ի՞նչ շտկումներ է իրականացնելու, ինչի՞ հետ է համաձայն, և ինչի՞ հետ ոչ: Ամփոփաթերթի պատրաստ լինելուց հետո մենք, իհարկե, կկիսենք դա բոլոր այն մարդկանց հետ, որոնք այդ կարծիքները և դիտողությունները ներկայացրել էին: Ամփոփաթերթը այնուհետև կուղարկենք գաղտնի և անկախ փորձաքննության, որպեսզի հասկանաք, թե հեղինակի կողմից ընդունված կամ չընդունված դիտողությունները ինչ ազդեցություն կարող են ունենալ դասագրքի հետագա կիրառման վրա: Գործընթացը այժմ ընթանում է, դասագրքի հեղինակը աշխատում է առաջարկների և դիտողությունների վրա»,-հավելել է նա:

