ԱՄՆ-ը կրկնում է վերջին 45 տարվա սխալները՝ կարծելով, թե կարող է հաղթանակների հասնել օկուպացիայի միջոցով. ԻՀՊԿ-ի հրամանատար

Վերահաստատելով Իրանի շարունակական աջակցությունը Պաղեստինին՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը գործնականում ավելի շատ մեխեր են խփում իրենց դագաղներին՝ քաոսի վերածելով Գազայի հատվածը, հաղորդում է Tasnim-ը:

Նա զգուշացրել է Իսրայելի ռեժիմին, որ Գազայի հիվանդանոցները մարտադաշտի վերածելը ձեռքբերում չէ, այլ հանցագործություն։

ԻՀՊԿ-ի հրամանատարը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը, ի վերջո, պարտվելու են Գազայի դեմ պատերազմում։

«Շեշտելով  ամբողջ տարածաշրջանում Միացյալ Նահանգների նկատմամբ աճող ատելությունը՝ գեներալ-մայոր Սալամին ասել է, որ ամերիկացի պաշտոնյաները չեն համարձակվում այցելել մուսուլմական երկրներ»,- նշում է իրանական լրատվամիջոցը։

ԱՄՆ-ը կրկնում է վերջին 45 տարվա սխալները և սխալմամբ կարծում է, որ կարող է հաղթանակների հասնել օկուպացիայի միջոցով, ասել է ԻՀՊԿ-ի ղեկավարը։

«ԱՄՆ-ը, Իսրայելը և նրանց դաշնակիցները կրկնում են անցյալի դառը փորձը», – նշել է Սալամին:

Ամերիկացիները ճամպրուկներն են հավաքում տարածաշրջանից հեռանալու համար, հավելել է նա։