ՀՀ–ն փաստաթղթային ապացույցներ չի ներկայացրել. ՌԴ–ն հերքել է ռուսական ալիքների մասին լուրը
Հայաստանը ռուսական հեռուստաալիքների կողմից միջպետական համաձայնագրի խախտման վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ չի ներկայացրել։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԲՏԱ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի արձանագրած խախտումների փաստը ռուսական կողմը ընդունել է, ինչի արդյունքում երկու երկրների միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն։
«Հայկական կողմը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումների մասին: Ռուսական կողմն ի գիտություն է ընդունել հայկական կողմի մտահոգությունները։ Միևնույն ժամանակ, գործընկերների կողմից նշված փաստերի կոնկրետ փաստաթղթային հաստատում չի ներկայացվել», – ասված է հաղորդագրության մեջ: