Նարեկ Մալյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը մակագրվել է Ռուբիկ Մխիթարյանին
Նարեկ Մալյանին կալանքի տակ պահելու դատարանի խայտառակ որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը մակագրվել է վերաքննիչ քրեական դատարանի տխրահռչակ դատավոր Ռուբիկ Մխիթարյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Նման պայմաններում նույնիսկ ամենաագահ եւ անփորձ բուքմեյքերական գրասենյակը որեւէ խաղադրույք չի ընդունի Մալյանին ազատ արձակելու որոշման կայացման հնարավորության վրա:
Մնում է միայն զարմանալ, թե ինչպես են մակագրվում նմանատիպ բողոքները վերաքննիչ քրեական դատարանում: Ինձ մոտ արդեն սկսում է ձեւավորվել տպավորություն, որ իզուր են ժամանակին Գարեգին Նժդեհի փողոցի 23 հասցեում գտնվող նախկին ուսումնարանի շենքը տրամադրել դատարաններին:
Վերաքննիչ քրեական դատարանը իր ստեղծման օրերին տեղավորվել էր նախկին գերագույն դատարանի, ներկայումս՝ ոչ բարով վճռաբեկ դատարանի, շենքի առաջին կամ կիսանկուղային հարկում: Եվ դա շատ խորհրդանշական էր, արդի վիճակը ցույց տվեց, որ այդտեղ էլ պետք է մնար»,- գրել է նա։

