Մարդու իրավունքներն ու քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընդամենը ռումբեր էին երկիրը ներսից պայթեցնելու համար

Հայաստանի երրորդ Հանրապետության հիմքերը սկսեցին սասանվել այն օրվանից, երբ մեր պետության դարպասներից տրոյական ձիու մեթոդով ներմուծվեցին ժողովրդավարության կեղծ հիմնասյուները՝ տարատեսակ հասարակական կազմակերպությունների, մարդու իրավունքների մասին հասկացությունների, օրենսդրական ու սահմանադրական փոփոխությւոնների ու մեր ժողովրդի ուղեղները լվանալու հատուկ մշակված տեխնոլոգիաների ձևով։ Այդպես սնկի նման աճելով՝ ի վերջո այդ ամենը հանգեցրեց 2018 թվականի դագաղներով հեղափոխությանը, որը իրականացվելով ժողովրդավարությունը Հայաստանում նշաձող դարձնելու նշանաբանով՝ ի վերջո մեր երկրում բռնապետություն հաստատվեց։ Որքան էլ այսօր հավաքական Արևմուտքը Նիկոլ Փաշինյանին սիրաշահելու համար նրա գլուխը շոյում ու հայտարարում է, թե Հայաստանը տարածաշրջանում շատ կարճ ժամանակում վերածվեց ժողովրդավարության բաստիոնի, այնուհետև դարձավ ժողովրդավարության փարոս, երկրում քաղաքական բովանդակությամբ դատավարությունները հակառակն են փաստում․ Հայաստանում իշխանության ընդդիմադիրների նկատմամբ մահակ է կիրառվում, քաղաքական, կրոնական, սոցիալական այլ հայացքներ ունենալու դեպքում, եթե դրանք չեն համընկնում իշխանությունների հայացքների հետ, կարող ես հայտնվել ճաղերի հետևում՝ այս կամ այն հոդվածով կարված քրեական գործի շրջանակում։ Քանի քաղբանտարկյալ կա այսօր Հայաստանում և դեռ քանիսի դեմ էլ գործեր են հարուցված, և նրանց էլ մեկ ավելի խոսք ասելու դեպքում կմեկուսացնեն հասարակությունից։ Արմեն Աշոտյանը, Արագած Ախոյանը, Մամիկոն Ասլանյանը, Նարեկ Մալյանը, Վահան Բադասյանը, Պավել Մանուկյանը, մինչև վերջերս նաև Գեորգի Խաչատուրովը, Տաթև Վիրաբյանը և ուրիշ գործիչներ այս իշխանությունների վախերը բռնողներն են, քանի որ այդ մարդկանց ճաղերի հետև են ուղարկել նրանց հայրենասիրության, իշխանությունների հայահայկական գործունեությունը բացահայտելու, հանրայնացնելու և դրան խոչընդոտելու համար։ Ի՞նչ է նշանակում բռնության կոչերի, ատելության քարոզի համար մարդկանց՝ որպես խափանման միջոց կալանքն ընտրել և այդ մարդկանց դեմ քրեական գործեր հարուցել՝ հաշվի չառնելով Արցախը թշնամուն հոժարակամ նվիրելու, 5000 հայ տղաներին մսաղաց ուղարկելու և նրանց ընտանիքները որբացնելու, ՀՀ ինքնիշխան տարածքի զգալի հատված Ադրբեջանի օկուպացմանը հանձնելու պայմաններում այդ մարդկանց հոգեկան ու հուզական վիճակը, որով նրանք քննադատում են քպ-ականներին և նրանցից ազատվելու կոչեր անում, քանի որ երկրին պարտություն ու մահ բերած իշխանությունը ինքնակամ հրաժարական չի տալիս։ Ավելին՝ բացեիբաց հայտարարում է նաև ՀՀ ինքնիշխան և ռազմավարական կարևորություն ունեցող տարածքները իբրև անկլավներ Ադրբեջանին նվիրելու պատրաստակամության մասին։ Ինչ պատրաստակամություն։ Փաշինյան Նիկոլը, պարզվում է, անգամ նման փաստաթուղթ է ստորագրել՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով նաև այդ տարածքներով հանդերձ։ Ի՞նչ անեն այդ մարդիկ՝ գովաբանե՞ն Փաշինյան Նիկոլի ղեկավարած խմբակին, խրախուսե՞ն նրանց գործողություններն ու ծրագրերը, որոնց վերջնանպատակը ողջ Հայոց Աշխարհի կործանումն ու ոչնչացումն է պանթուրանական ծրագրի իրագործման ճանապարհին։ Վերլուծելով ՀՀ իշխանությունը զավթածների խաղաղության օրակարգը, պարզ է դառնում, որ այդ խաղաղության հիմքում հայի լինել-չլինելու խնդիրն է դրված։ Փաշինյան Նիկոլի համոզմամբ մեր տարածաշրջանում հայն է խանգարում խաղաղությանը, և եթե խաղաղություն է ուզում հաստատել, ապա հայի գործոնը, հայի ազդեցությունը պետք է չեզոքացնի։ Նա իր այս համոզումն այլևս չի էլ թաքցնում, իր հայտարարություններում այդ միտքը կարմիր գծի պես անցնում է։ Թեկուզ օրինակ Արարատ լեռան խորհուրդը մեզ համար նսեմացնելու հայտարարություններում։ Ըստ նրա՝ խաղաղությունը հնարավոր կլինի, եթե հայը հրաժարվի իր երազանքից։ Իսկ հայի երազանքը մեկ հայրենիք ունենալն է։ Արդյո՞ք այդ միտքը չի թաքնված նաև հայրենիքն ու պետությունը նույնացնելու նրա հայտարարությունների մեջ։ Եվ եթե որևէ մեկը համարձակվում է այս իրողությունների մասին հնարավորինս մեծ զանգվածներին ճշմարտությունը հայտնել, նրան հայտարարում են բռնության կոչնակ ու դատավարություն սկսում նրա դեմ։

Եվ հենց մեր օրերում էլ պատռվեց Արևմուտքի կողմից հսկայական գումարների միջոցով մեզանում ներդրված ու խրախուսված ժողովրդավարության դիմակը իր բոլոր բաղադրիչներով՝ մարդու իրավունքներ, խոսքի ազատություն․․․ Հիշո՞ւմ եք, նախկին իշխանությունների օրոք եթե ընդդիմադիր որևէ գործչի գլխից մազ անգամ պակասեր կամ ընդդիմադիր լրատվամիջոցի լրագրողները ակցիաները լուսաբանելիս վնասվածքներ ստանային կամ խոչընդոտներ ստեղծվեին իրենց պարտականությունները կատարելիս տասնյակ կազմակերպություններ՝ թե ներսում, թե դրսում՝ միջազգային հորջորջված, գրասենյակներ ու իրենց իրավապաշտպան հռչակածներ հայտարարություններով, սպառնալիքներով էին լցնում մամուլը, պարտադրում դատական գործեր հարուցել իշխանությունների ներկայացուցիչների դեմ, դիմում միջազգային կառույցներին, մարդու իրավունքների դատարան։ Հետո էլ Նիկոլը 2018 թվականին իր աստեղային պահերին բեմերից ելույթներ ունենալիս՝ խոսում էր իշխանությունների բռնապետության մասին։ Եթե բռնապետություն լիներ, այդքան «իրավապաշտպան», բայց իրականում լրտես կազմակերպություններ արդյո՞ք կհամարձակվեին թեկուզ շշուկով խոսել մեր երկրում այս կամ այն իրավունքների խախտումներից, եթե բռնապետություն լիներ, արդյո՞ք հենց ինքը՝ Փաշինյանն առաջինը չէր հայտնվի ճաղերի հետևում իշխանությունների մասին իր զազրելի զրպարտությունների, հանրության մեջ իշխանականների հանդեպ ատելություն սերմանելու համար։ Այս իշխանությունների գործունեության համեմատ է պարզ դառնում Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանության հանդուրժողականությունն ու ժողովրդավարության սկզբունքներին հավատարմությունը։ Պատկերացնո՞ւմ եք այն ժամանակ կալանավայրերում հայտնվեին բոլոր նրանք, ովքեր ատելություն էին քարոզում իշխանությունների հանդեպ, զրպարտում մասնավորապես պետության առաջին դեմքին, նրա մասին անհայտ ստեր տարածում ու նրա ու նրա թիմակիցների նկատմամբ բռնության կոչեր հնչեցնում։ Այդ սրանք չէ՞ին, որ 2018 թվականին դագաղներ էին տեղադրում ՀՀԿ-ի անդամների շենքերի մուտքերի մոտ, կոչեր անում նրանց հանդեպ բռնություն գործադրելու, նրանց հեռախոսահամարները հանրայնացնում ու կոչ անում զանգել ու սպառնալ իրենց ու ընտանիքի անդամներին։ Այդ ամենը տեղի էր ունենում հանդուրժողականության մթնոլորտում։ Ո՞ւր էին այդ ժամանակ և այսօր էլ այդ իրավապաշտպան գրասենյակների առնետներն ու հկ-ները, ինչո՞ւ հանկարծ կուրացան ու չտեսնելու են տալիս մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները ցանկացած բնագավառում, եթե նրանց մղումներն անկեղծ էին։ Վստահ եմ՝ հոգու խորքում նրանք ընդունում են, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներն իրենց համար գործունեության լավագույն ժամանակներն էին, և իրենք այսօրվա նման անգործ ու վախեցած չէին։

Թագուհի Ասլանյան