Ձկնաբույծները դուրս են եկել բողոքի․ բազմաթիվ սևբերետավորներ փակել են նախարարությունների շենքի մուտքը
Ձկնաբույծները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանից քիչ այն կողմ գտնվող նախարարությունների շենքի մոտ։ Նրանք բողոքում են օրենսդրական փոփոխություններից, համաձայն որոնց՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։
Տնտեսվարողների խոսքով՝ իրենք վարկերի տակ են, և կառավարության կողմից փոփոխություններն ավելի կբարդացնեն իրավիճակը։
Քիչ հետո բազմաթիվ սևբերետավորներ բերվեցին։ Նրանք շարք կազմեցին՝ ցուցարարների առջև փակելով մուտքը, որտեղ ենթադրաբար գտնվում է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը զբաղեցնող Հակոբ Սիմիդյանը։
Հիշեցնենք՝ խորհրդարանում նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։
Ինչպես օրինագիծը ներկայացնելիս հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:
«Այս նպատակով օրենսդրությամբ սահմանված է փակ շրջանառու համակարգը։ Մենք այս պահին նաև համակարգի կարգն ենք սահմանում, ունենք փաթեթը, որը առաջիկայում կներկայացնենք ՀՀ կառավարության քննարկմանը։ Դա կնշանակի, որ, օրինակ, ձկնաբուծարաններն իրենց արտադրական գործընթացում ջուրն ավելի արդյունավետ կօգտագործեն»,-ընդգծել է նախարար Հակոբ Սիմիդյանը։
Նա նաև հայտնել էր, որ գերատեսչությունը չի սահմանի այնպիսի կարգավորում, որի պատճառով տնտեսվարողները վատ կամ անելանելի իրավիճակում կհայտնվեն:

