18 երկրներ ստորագրել են արհեստական բանականության անիրավաչափ օգտագործումից սպառողների պաշտպանության մասինհամաձայնագիր

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և ևս 15 պետություն ստորագրել են համաձայնագիր սպառողներին արհեստական բանականության (ԱԲ) անիրավաչափ օգտագործումից պաշտպանելու մասին։  20 էջանոց փաստաթղթում ներկայացված են ուղեցույցներ ԱԲ ստեղծող ընկերությունների համար՝ չարագործներից արհեստական բանականությամբ համակարգերի պաշտպանության նպատակներով, տեղեկացրել է DW-ն։

Ընկերություններին խորհուրդ է տրվում այդ համակարգերը դարձնել «անվտանգ», որպեսզի դրանք չկարողանան օգտագործել կիբեռհանցագործները, իսկ օգտատերերի գաղտնի տվյալները չհայտնվեն երրորդ անձանց ձեռքում։

«Արհեստական բանականության համակարգերը ենթակա են նոր խոցելիությունների, որոնք պետք է հաշվի առնել կիբեռանվտանգության ստանդարտ սպառնալիքների հետ միասին։ Երբ զարգացման տեմպերը բարձր են, ինչպես արհեստական բանականության պարագայում է, անվտանգոթյունը հաճախ կարող է երկրորդ պլան մղվել։ Բայց անվտանգությունը պետք է լինի հիմնական պահանջը»,- նշվել է փաստաթղթում։

Հրահանգները պարտադիր ուժ չունեն, բայց և այնպես, փորձագետները համաձայնագիրը կարևոր քայլ են համարում։ Կիբեռանվտանգության ամերիկյան վարչության տնօրեն Ջեն Իսթերլիի խոսքով՝ փաստաթուղթը ընդգծում է, որ ԱԲ տեխնոլոգիաները «պարզապես ֆունցկիաներ չեն, որոնք կարելի է արագ դուրս բերել շուկա», ամենակարևոր կողմը անվտանգությունն է։

Ավելի վաղ Եվրամիությունը, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն և որոշ այլ երկրներ, ինչպես նաև խոշոր IT-կոնցեռնների ներկայացուցիչներ, ներառյալ ChatGPT Open AI ընկերության և Tesla-ի ու SpaceXի հիմնադիր Իլոն Մասկի ընկերությունների մենեջերները, ստորագրել էին «Բլեչլիի հռչակագիրը», որը արհեստական բանականության անվտանգ ներդրման կոչ էր անում։