Կրեմլից մեկնաբանել են Փաշինյանի ու Պուտինի հանդիպման հնարավորությունը

Կրեմլում հնարավոր են համարում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ, սակայն չեն բացառել, որ նման հանդիպում կարող է լինել ավելի վաղ։

«Եթե պարոն Փաշինյանը գա այնտեղ, իսկ նրան սպասում են ճիշտ այնպես, ինչպես և մյուս բոլորին, ապա խոսելու մեծ հնարավորություն կլինի»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան 2 երկրների ղեկավարների միջև շփման հեռանկարների մասին հարցին։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ երկու առաջնորդների միջև շփումը կարող է տեղի ունենալ ավելի վաղ, քան Պետերբուրգի գագաթնաժողովը, «եթե պետությունների ղեկավարներն անհրաժեշտ համարեն, իրենց որոշելիքն է»։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Հայաստանի վարչապետը պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահի հետ։ Լրագրողները հետաքրքրվել են, թե Պուտինի գրաֆիկում նախատեսվո՞ւմ է նման զրույց։ «Այս պահին ոչ»,- պատասխանել է Պեսկովը։