Ըստ Նիկոլ Փաշինյանի` Հայաստանում ԱՄՆ դեսպանը ստո՞ւմ է

Հոկտեմբերի վերջին Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, մասնակցել է Ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը, որտեղ նշել է․ «․․․ի հեճուկս այս դժվարությունների և խնդիրների, Հայաստանի և Սյունիքի մարզի հանձնառությունը՝ ամրապնդել իրավունքի գերակայությունը, մնացել է անսասան։ Եվ այս հանձնառության շնորհիվ է, որ Հայաստանը մնում է որպես ժողովրդավարության փարոս Հարավային Կովկասում»։

Օրերս Կառավարության նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Ես չեմ համարում, որ  Հայաստանում այսօր հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա է, կաշառք են վերցնում ով որտեղ պատահի, Հակակոռուպցիոն կոմիտեն դրա համար ենք ստեղծել, ամենաբարձր աշխատավարձերը նշանակել,  բոլոր կանոնններին համապատասխան ստեղծել ենք, որ մենք գնանք մեր գործերով զբաղվենք՝ հրատապ գործերով»։

Ստացվում է՝ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանը ստո՞ւմ է, բա էլ ինչ ժողովրդավարության մասին է խոսքը, եթե ՀՀ թիվ մեկ պաշտոնյան արձանագրում է, որ Հայաստանում կոռուպցիան գտնվում է իր պիկին։

Փաշինյանն այստեղ հակասում է ինքն իրեն ևս, քանի որ «Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, և սա մեր համոզմունքն է և մեր ռազմավարությունը»․ սրանք իր խոսքերն են։ Նա մուրճով ու պինցետով Հայաստանում «ժողովրդավարություն» էր հաստատել, իսկ հիմա խոսում է կաշառակերության բարձր մակարդակի մասին։

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու դոցենտ, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանն անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպանի՝ Հայաստանը ժողովրդավարության փարոս անվանելու և Փաշինյանի վերոնշյալ հայտարարությաններին՝ շեշտեց․ «Բնականաբար ԱՄՆ դեսպանն ավելի պակաս իրազեկ է մեր երկրի ներքին կյանքին, քան պետության ղեկավարը։  Ինձ մոտ էլ կար այն կարծիքը, որ ԱՄՆ դեսպանը մոլորության մեջ է, որովհետև ժողովրդավարությունը ոչ թե վերացական հասկացություն է, այլ արտահայտվում է ժողովրդավարական ինստիտուտների միջոցով և որպեսզի երկիրը կոչվի ժողովրդավարական, այդ ժողովրդավարական ինստիտուտները պետք է ֆունկցիոնալ գործեն, դրանցից են, օրինակ, ընտրությունները, բազմակարծությունը, խոսքի ազատությունը։ Երբ մի քանի տասնյակ երիտասարդներ ակցիա են իրականացնում՝ մի վրանով Երևանի փողոցներով քայլում են և երեք չորս օր է, որ այդ ակցիան իրականացնում են ու այդ բոլոր չորս օրերին էլ, գրեթե բոլոր մասնակիցները ձերբակալվում են։ Ստացվում է՝ ՀՀ ոստիկանները թույլ չեն տալիս ՀՀ քաղաքացիներին քայլել Երևանի փողոցներով, եթե իրենց պահանջը իշխանության հեռացումն է։ Եթե ԱՄՆ դեսպանի պատկերացումները ժողովրդավարության մասին այդպիսին է, ուրեմն օր առաջ նա պետք է հետ կանչվի։ Օրինակ ԱՄՆ դեսպանը չգիտի՞, որ բոլոր ընտրությունները եղել են արտահերթ, բոլոր ընտրությունների նպատակահարմարությունը որոշել է Փաշինյանը, բոլոր ընտրություններում հաղթել է Փաշինյանը՝ լինելով իշխանության ղեկին, ունենալով բացարձակ մեծամասնություն խորհրդարանում, որ խորհրդարանում որոշումները կայացվում են առանց ընդդիմության մասնակցության, առանց հանրային քննարկումների։

Ինչ վերաբերում է կոռուպցիային, եթե Նիկոլն արձանագրում է, որ ամեն քայլափոխի գոյություն ունի կոռուպցիա, դա հաճելի է լսել այն իմաստով, որ սա այն բացառիկ դեպքերից է, որ նա ճշմարտությունն է ասում, որովհետև նա հանրությանը հայտնի է որպես խրոնիկ սուտասան և եթե երբեմն-երբեմն ճիշտ բաներ է ասում, դա նման է այն ասացվածքին, որ ասում է նույնիսկ փչացած ժամացույցն օրը երկու անգամ ճիշտ ժամը ցույց է տալիս, հիմա սա այդ դեպքերից է»։-ամփոփց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպանը։

Սա ևս մեկ անգամ հիշեցնում է՝ առուն չթռած, հոպ մի ասա։ Ի տարբերություն Փաշինյանի, իր «սիրելի» նախկիններն աչքի չեն ընկել այդպիսի ամպագոռգոռ հայտարարություններով, այլ լուռ գործել են, այնուհետև բարձրաձայնել, նույնիսկ չեն էլ բարձրաձայնել իրենց վարած քաղաքականության արդյունքում ՀՀ ձեռքբերումների մասին, ուստի ավելորդ համեստությունը չէր խանգարի վերոնշյալ պարոնին, մի բան էլ օգուտ կլիներ՝ ավելորդ քննադատությունից խուսափելու, դրա համար շատ բան հարկավոր չէ ընդամենը՝ կշռադատված խոսք։

Լուսինե Ավանեսյան