Եթե մենք Արցախ մեր վերադարձի իրավունքի հետ չկարողանանք կապել ինքնորոշման իրավունքը՝ մեզ սպասելու է հերթական հիասթափությունը․ Աշոտ Ղուլյան

«Ես ցավով պետք է նշեմ, որ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության միջև այսպիսի վատ հարաբերություններ, կտրվածություն չի եղել որևէ կառավարման էլիտաների օրոք, շատ մեղմ եմ ասում»,-«Արցախ. ընթացիկ հարցեր և հեռանկար» թեմայով պանելային քննարկմանը հայտնեց Արցախի ԱԺ նախկին նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նա շեշտեց, որ ոչ միայն պաշտոնական հարաբերությունների մասին է խոսում, այլև զուտ մարդկային, իսկ լավ հարաբերություններն ավելի շատ կնպաստեն հետագա փուլերի համար:

Ղուլյանի խոսքով՝ Արցախի պետականության պահպանումը ոչ միայն այսօրեական, այլև ապագայի թեմա է:

«Եթե մենք մտածում ենք ընդհանուր հայկական քաղաքական մտքի զարգացման, հայկական պետականության մասին, ապա շատ կարևոր է, որպեսզի Արցախի պետականությունը կարողանանք ճիշտ պահել:

Ղուլյանն ասաց, որ տպավորություն ունի, թե 10 օրում մոռացության են տվել այն, ինչը  30 տարի եղել է հայկական միասնական օրակարգում և մոռացել են Արցախի տված զարթոնքը:

Հայտնելով, որ ցանկացած արցախցու երազանքն է վերադառնալ իր ծննդավայր՝ ԱՀ ԱԺ նախկին նախագահն ասաց. «Եթե մենք մեր վերադարձի իրավունքի հետ չկարողանանք կապել նաև մեր ինքնորոշման իրավունքը՝ մեզ սպասելու է հերթական հիասթափությունը: Վերադարձ Արցախ անպայման պետք է լինի, որպեսզի մենք ունենանք Արցախի պետականություն»: