ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հաագայի դատարանի որոշմանը
Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի կողմից նոյեմբերի 17-ի որոշումը, որը կայացվեց Հայաստանի միջնորդությամբ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ներքո քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳՆ-ն։
«Այսպիսով, նոյեմբերի 17-ի որոշմամբ Դատարանը հաստատել է, որ առկա է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։
Որոշման գործառնական մասով, ի հավելումն Ադրբեջանի ստանձնած միակողմանի հանձնառությունների, այդ թվում՝ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հասանելությունն ապահովելու և ՄԱԿ-ի կողմից ստուգումներ անցկացնելու, մշակութային հուշարձանները, արտեֆակտները և վայրերը պահպանելու և չվնասելու կամ չոչնչացնելու հանձնառությունների, որոնք «պարտադիր իրավական ուժ ունեն և ստեղծում են իրավական պարտավորություններ», նոյեմբերի 17-ի որոշմամբ Դատարանը պարտադրել է Ադրբեջանին՝
«(ա) ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո, և ովքեր ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն, (բ) ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնացել են Լեռնային Ղարաբաղում 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո, և ովքեր ցանկանում են հեռանալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն, (գ) ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնացել են Լեռնային Ղարաբաղում 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են Լեռնային Ղարաբաղ, և ովքեր ցանկանում են մնալ, զերծ լինեն ուժի կիրառումից կամ ահաբեկումից, որը կարող է նրանց փախուստի պատճառ դառնալ»:
«պաշտպանել և պահպանել գրանցամատյանները, անձը հաստատող և մասնավոր սեփականությանն առնչվող փաստաթղթերը և գրառումները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց և պատշաճ կերպով հաշվի առնել այդ փաստաթղթերը և գրառումները իր վարչական և օրենսդրական պրակտիկայում»»,- նշված է հայտարարությունում:

