Ռուսաստանի ներկայացուցիչը չի ընտրվել ՄԱԿ-ի դատավորների կազմում
Ռուսաստանի ներկայացուցիչ Կիրիլ Գևորգյանը, որ 2015 թվականից Հաագայի միջազգային դատարանի դատավորն է, երկրորդ ժամկետով չի վերընտրվել։ Հինգշաբթի՝ նոյեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած քվեարկության ժամանակ նա պարտվել է Ռումինիայի ներկայացուցիչ Բոգդան-Լուչիանու Աուրեսկուին, որին աջակցել են Գլխավոր ասամբլեայի 117 անդամներ։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։
Խորհրդային և ռուսաստանցի դատավորները ՄԱԿ-ի դատական համակարգում են 1946 թվականից: Այսպիսով, առաջին անգամ Արդարադատության միջազգային դատարանում Ռուսաստանի ներկայացուցիչ չի լինի։
Բացի Աուրեսկուից, Արդարադատության միջազգային դատարանում ընտրվել է ևս երեք նոր դատավոր ԱՄՆ-ից, Մեքսիկայից և Հարավային Աֆրիկայից, վերընտրվել է նաև գործող դատավորներից մեկն Ավստրալիայից:
Արդարադատության միջազգային դատարանը բաղկացած է 15 դատավորից, որոնց պաշտոնավարման ժամկետն ինը տարի է։ Միաժամանակ երեք տարին մեկ ընտրություններ են անցկացվում ազատվող հինգ տեղերի համար։ Մի քանի ժամկետ անընդմեջ ծառայելու արգելք չկա։

