Սոցապ նախարարը ՀԲ պատվիրակության հետ քննարկել է բռնահանված արցախցիների աջակցության հարցը

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ՀՀ միասնական սոցիալական ծառայության 34 տարածքային կենտրոններից 31-ի շինվերանորոգման աշխատանքներն ավարտված են։ Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Համաշխարհային բանկի մարդկային կապիտալի զարգացման գծով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Միխալ Ռուտկովսկիի և ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի հետ հանդիպման ժամանակ։

«Դա հնարավորություն է ընձեռել քաղաքացիներին մատուցվող անհրաժեշտ ծառայությունները դարձնել ավելի համակարգված ու օպերատիվ»,–ասել է նա։

Միխալ Ռուտկովսկին իր հերթին դրական է գնահատել նախարարության հետ համագործակցությունը։ Նա վստահություն է հայտնել, որ ՄՍԾ նոր ու տեխնիկապես հագեցած տարածքային կենտրոնները կշարունակեն տրամադրել առավել որակյալ սոցիալական ծառայություններ։

Մկրտչյանը ներկայացրել է նաև Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված միջոցառումները։

Նախարարը շեշտել է, որ տեղահանվածների առաջնային կարիքների բավարարման նպատակով ՀՀ կառավարությունը շարունակում է իրականացնել համապատասխան միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան մեղմել առկա ֆինանսական խնդիրները։

Այս համատեքստում դիտարկվել է նաև տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Հանդիպման ավարտին ՀԲ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել քննարկել և իրականացնել համատեղ ծրագրեր՝ մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ։