Գավառում շուքով են դիմավորել եռամարտի աշխարհի առաջնության հաղթող Արտակ Ավետիսյանին
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում շուքով են դիմավորել եռամարտի աշխարհի առաջնության հաղթող, Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի սան Արտակ Ավետիսյանին։
Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հոկտեմբերի 31-ին կայացել է ուժային եռամարտի աշխարհի առաջնությունը՝ «World powerlifting» միջազգային ֆեդերացիայի վարկածով։ Առաջնությանը մասնակցել են 16 երկրների մարզիկներ։
Հայաստանի հավաքականը առաջնությանը ներկայացել է 12 հոգանոց պատվիրակությամբ՝ ՀՊՖ նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ։
Պատվիրակության կազմում ընդգրկված է եղել նաև Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի մարզիկ, 18-ամյա Արտակ Ավետիսյանը, մարզիչ՝ Ժորա Հովհաննիսյան։
Ձգում վարժությունում Արտակ Ավետիսյանը գրանցել է 170 կգ արդյունք՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։
Աշխարհի առաջնությանը մարզիկի մասնակցության ծախսերը հոգացել է Գավառի համայնքապետարանը։

