Մակրոնը Ղազախստանում հանդիպել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, հաջորդ այցը՝ Ուզբեկստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 1-ին ժամանել է Ղազախստան, որից հետո կմեկնի Ուզբեկստան՝ փորձելով մեծացնել Ֆրանսիայի ազդեցությունը Կենտրոնական Ասիայում։

France 24 պարբերականը նշում է, որ Աստանայում իր պաշտոնակից Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցություններից հետո կստորագրվեն մի շարք պայմանագրեր, այնուհետև Մակրոնը կհանդիպի ուսանողների հետ, որից հետո կմեկնի Սամարղանդ։

Ֆրանսիայի նախագահի վարչակազմում նշել են, որ Ղազախստանի նախագահի հետ բանակցությունների օրակարգում միջազգային և տարածաշրջանային հարցերի հետ մեկտեղ կարևոր տեղ կզբաղեցնեն երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդման հեռանկարները, մասնավորապես՝ առևտրի զարգացումը և ներդրումների ընդլայնումը, համագործակցության զարգացումն էներգետիկայի ոլորտում։

«Մենք ողջունում ենք ձեր այցը, սա շատ մեծ իրադարձություն է։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս և պաշտոնական այցով ժամանեցիք Ղազախստան: Մեր երկրների համագործակցությունը դինամիկ զարգանում է, սակայն անհրաժեշտ է դրան լրացուցիչ խթան հաղորդել։ Մենք կարող ենք ձեր այցն անվանել «պատմական», վստահ եմ, որ այսօրվա բանակցություններն արդյունավետ կլինեն», – ասել է Տոկաևը Մակրոնի հետ նեղ ձևաչափով բանակցությունների ժամանակ։

Ղազախստանի ղեկավարը նաև նշել է, որ Ֆրանսիան հանրապետության առանցքային և վստահելի գործընկերն է Եվրոպական միությունում և, բացի այդ, հանդիսանում է Ղազախստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը։

Ելիսեյան պալատը նախանշել է Կենտրոնական Ասիայի երկրներ Ֆրանսիայի ղեկավարի այցի երկու հիմնական նպատակը. ռազմավարական և տնտեսական կապերի «դիվերսիֆիկացում» և պայմանագրերի կնքման միջոցով ներկայության ամրապնդում էներգետիկայի, օգտակար հանածոների մատակարարումների, տրանսպորտի և ավիացիայի ոլորտներում։ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում նշել են նաև պաշտպանական համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին։

Ղազախստանից հետո Ֆրանսիայի նախագահը նախարարների ու խոշոր կորպորացիաների ղեկավարների հետ կայցելի Ուզբեկստան: