Շահրամանյանը և ԱՀ պատգամավորները մասնակցում են Արցախի վերաբերյալ քննարկմանը
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանի նախաձեռնած Արցախի պետականության պահպանման հանձնախումբը նախաձեռնել է փակ քննարկում։ Այն տեղի է ունենում Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը և Արցախի ԱԺ պատգամավորները ևս մասնակցում են քննարկմանը։ Նախօրեին Սուրեն Պետրոսյանը հանձնախմբի ֆեյսբուքյան էջում տեսաուղերձով դիմել էր Արցախի ղեկավարությանը՝ նշելով․
«Արցախի Հանրապետության ճակատագիրը դուրս է մղվել մեր քաղաքական օրակարգից և այն փոխարինվել է Արցախի մեր հայրենակիցների սոցիալական խնդիրներով: Սակայն միևնույն ժամանակ չպետք է թույլ տալ, որ այս շղարշի ներքո վերջնականապես փակվի Արցախի էջը, որովհետև եթե փակվի Արցախի էջը, փակվելու է ՀՀ էջը, փակվեց ՀՀ էջը, փակվելու է հայկական գործոնի էջը: Հետևաբար, կարևոր առաջնահերթություն է, որ մենք կարողանանք պահպանել Արցախի պետականությունը, մասնավորապես այն ինտիտուտները, որոնք թույլ կտան ամրագրել, մեր իրավունքներն ու հավակնությունները Արցախի նկատմամբ: Այս գործում առաջնային տեղ և նշանակության ունեն Արցախի Հանրապետության նախագահը և ԱՀ Ազգային ժողովի պատգամավորները: Նրանց որոշումները լինելու են պատմական, այդ որոշումները չեն ունենալու ազդեցություն միայն արցախցիների ճակատագրի վրա, դրանք կանխորոշելու են ներկան և հատկապես ապագան»,- ասել է նա:

