Ֆրանսիան մտադիր է Հայաստանին հակաօդային պաշտպանության երեք ռադար մատակարարել

Ֆրանսիան մտադիր է Հայաստան ուղարկել հակաօդային պաշտպանության երեք ռադար։ Այս մասին հայտնում է «France info» ռադիոկայանը։

Ըստ ռադիոկայանի տեղեկությունների, նախատեսվում է Հայաստան մատակարարել «երեք ռադար, որոնք կարող են հայտնաբերել մինչև 250 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները»։ Այս համակարգերը ունակ են հայտնաբերել դանդաղ և ցածր թռչող թիրախներ, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև արագընթաց կործանիչները, որոնք թռչում են մեծ բարձրության վրա։

Նշենք, որ զենքի մատակարարման շուրջ պայմանավորվածությունները ձեռք են բերվել Փարիզում Ֆրանսիայի և Հայաստանի պաշտպանության նախարարների հանդիպմանը։

Հավելենք, որ հոկտեմբերի 3-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան հայտարարեց ռազմական օգնության մասին համաձայնագիր ստորագրելու Փարիզի պատրաստակամության մասին։