Ալեն Սիմոնյանը «նոր հոկտեմբերի 27-ի» վտանգ է տեսնում
Թե՛ մարտի 1-ի, թե՛ հոկտեմբերի 27-ի պարագայում մենք հիմնական դերակատարներին և պատճառը գիտենք։
Այս մասին ԱԺ բակում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով հոկտեմբերի 27-ի գործից։
Նա մատնանշեց, որ հոկտեմբերի 27-ի կազմակերպչին գիտեն, մնում է իրավական ձևակերպումը։
Դիտարկմանը, թե նախկին նախագահներին նկատի ունի, երբ հիշատակում է, որ հոկտեմբերի 27-ի կազմակերպչի մասին բոլորը գիտեն, Ալեն Սիմոնյանը չմեկնաբանեց, ապա հավելեց․
«Չեմ ուզում հիմա որևէ ձևով ազդեցություն ունենալ քննության գործին»։
Ալեն Սիմոնյանը նոր հոկտեմբերի 27-ի վտանգ է տեսնում։
«Այս իրավիճակում ես չեմ բացառում։ Հոկտեմբերի 27-ի նախօրեին տեղի ունեցած իրադարձությունները սրանից շատ ավելի քիչ կարևորություն ունեցող էին։ Շատ ավելի հեռու էր, օրինակ, Մեղրին հանձնելու գաղափարը, հիմա էլ ավելի հեռու է»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր լրանում է 1999 թվականին Հայաստանի Ազգային ժողովի վրա իրականացված ահաբեկչական հարձակման 24-րդ տարելիցը։ Հոկտեմբերի 27-ին, հերթական նստաշրջանի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նաիրի Հունանյանի գլխավորած զինված խումբը ներխուժեց խորհրդարանի դահլիճ։ Ահաբեկչությանը զոհ գնացին 8 պետական գործիչ` ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը: Կրակոցների հետևանքով ևս 8 մարդ վիրավորվեց։

