Սանոսյանը, ԱԳ փոխնախարարը Մումբայում քննարկել են ՀՀ ենթակառուցվածքային ծրագրերը

Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած Հնդկաստանի Համաշխարհային ծովային գագաթնաժողովի (GMIS 2023) շրջանակներում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է Shapoorji Pallonji And Company Private Limited holding-ի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև հայկական պատվիրակության մյուս անդամները՝ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը։

Այս ընկերությունը 15 խոշոր ընկերությունների համաշխարհային, դիվերսիֆիկացված կազմակերպություն է՝ մասնագիտացված շինարարության, ենթակառուցվածքների, անշարժ գույքի, ջրային, էներգետիկ և ֆինանսական ոլորտներում։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ներկա փուլում Հայաստանում ընթացող ենթակառուցվածքային ծրագրերը, դրանց ընթացքը։ Մասնավորապես շեշտադրվել է դպրոցաշինության, ճանապարհաշինության ոլորտի ծրագրերը և դրանցում ընկերության հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցերը։

Shapoorji Pallonji ընկերությունը հետաքրքրություն է ցուցաբերել հատկապես դպրոցաշինական ծրագրերի նկատմամբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայկական կողմը կուղարկի անհրաժեշտ տեղեկատվական փաթեթներ, որոնցում ներառված կլինեն ծրագրերի վերաբերյալ մանրամասները, որից հետո ընկերության ներկայացուցիչները կայցելեն Հայաստան և տեղում կծանոթանան ծրագրերին։