«Հըզբոլլահն» Իսրայելի դեմ «ցասման օր» է հայտարարել Գազայի հիվանդանոցի վրա հարձակման պատճառով
Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, որ չորեքշաբթի «ցասման օր» կանցկացնի Իսրայելի դեմ, հայտնում է The Times of Israel-ը։
Խմբավորումը բացատրել է, որ Իսրայելին պատասխանատու է համարում Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակման համար, որի հետևանքով հարյուրավոր պաղեստինցիներ են զոհվել: Իսրայելն էլ պնդում է, որ հիվանդանոցը խոցվել է պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման արձակած հրթիռից:
Մինչ Իսրայելը պատրաստվում է ցամաքային հարձակման ՀԱՄԱՍ-ի դեմ Գազայի հատվածում, Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը նախազգուշացրել է, որ հարևան երկրները չեն ընդունի պաղեստինցի փախստականներին, որոնք, ամենայն հավանականությամբ, փախուստի կդիմեն այդ գործողության պատճառով:
«Այլևս ոչ մի փախստական՝ Հորդանանում կամ Եգիպտոսում: Այս հումանիտար իրավիճակը պետք է լուծվի Գազայի և Արևմտյան ափի ներսում, ոչ թե պաղեստինյան խնդիրները փորձել դնել ուրիշների ուսերին»,- հայտարարել է Հորդանանի թագավորը:
Միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ Մերձավոր Արևելք մեկնող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այցը Հորդանան չեղարկվել է։
«Նախագահը հույս ունի ավելի ուշ անձամբ բանակցություններ վարել բոլոր երեք առաջնորդների հետ, իսկ առաջիկա օրերին կապ կպահպանի նրանց հետ»,- նշել են ԱՄՆ նախագահի աշխատակազմում։

