Գազայի հիվանդանոցին հասցված հարվածից հետո Հորդանանը չեղարկել է Բայդենի մասնակցությամբ քառակողմ հանդիպումը

Գազայի հատվածում հիվանդանոցին հասցված հարվածից հետո, Հորդանանը չեղարկել է այսօր նախատեսված քառակողմ հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ:

Այս մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի արտգործնախարար Այման Աս-Սաֆադիին:

Ավելի վաղ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվել է Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը, The Times of Israel-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ի նշան հիվանդանոցի ռմբակոծման դեմ բողոքի:

Բացի Բայդենից և Աբասից՝ գագաթնաժողովին մասնակցելու էին նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին և Հորդանանի թագավոր Աբդալա երկրորդը:

Միացյալ Նահանգների նախագահն արդեն ուղևորվել է Մերձավոր Արևելք: Այսօր նա նախատեսում է Իսրայելում հանդիպել վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ և ցույց տալ Վաշինգտոնի աջակցությունը Թել Ավիվին «Համաս»-ի հարձակումից հետո: