Արցախից տեղահանված ուսուցիչները աշխատավարձին զուգահեռ կստանան նաև 30 տոկոս հավելավճար (տեսանյութ)

Վերջին տվյալներով ՀՀ դպրոցներում ԼՂ-ից բռնի տեղահանված  13 320 երեխա հնարավորություն ունի շարունակել կրթությունը, որոնցից 4 302-ը՝ Երևանում։

Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոնի»  ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։

Անդրադառնալով Արցախից տեղափոխված ուսուցիչների օժանդակության ծրագրին՝ Արաքսիա Սվաջյանն արձանագրեց, որ շուրջ 1 500 ուսուցչի հնարավորություն կտրվի պարզեցված ընթացակարգով ընդունվել աշխատանքի։

«Նրանք կարող են ընտրել այն դպրոցը, որտեղ կցանկանան իրենց գործունեությունը շարունակել։ 2 ուսումնական տարով պայմանագիր է կնքվում ուսուցչի հետ։ Նրանք իրենց աշխատավարձին զուգահեռ կստանան նաև 30 տոկոս հավելավճար։ Սյունիքի, Վայոց ձորի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքների, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ համայնքների կրթական հաստատություններում աշխատելու դեպքում կստանան 50,000 դրամ հավելավճար»,- ներկայացրեց փոխնախարարը։