Առեղծվածային «Հեզբոլլահ»․ Իսրայելի սպառնալիքը

Հետաքրքիր տեղեկություններ է հայտնում dzen.ru-ն «Հեզբոլլահի» մասին՝  շարժման էությունը, հնարավորություններն ու նպատակները, անցած էվոլյուցիոն ճանապարհը՝ զինված դիմադրության խմբից դառնալով տարածաշրջանի ամենահզոր քաղաքական ուժը։

Պաղեստինա-իսրայելական հակամարտության գլխավոր ինտրիգներից մեկն այն է, թե դրան լիարժեք կմիանա՞ լիբանանյան «Հեզբոլլահը»։ Եվ եթե այնուամենայնիվ միանա, ապա ինչ հանգամանքներում և երբ: Իսրայելական ուղղաթիռներն արդեն հարվածներ են հասցնում Լիբանանի տարածքին։ Այնպես որ, Իսրայելի հյուսիսում երկրորդ ճակատի բացումը չի կարելի բացառել։ Արդեն կան շարժման զոհված անդամներ, որոնց համար «Հեզբոլլահը» խոստացել է վրեժ լուծել:

Նշենք մի շարք կարևոր կետեր, որոնք անհրաժեշտ է իմանալ մերձավորարևելյան այս շատ հզոր և գաղտնի կազմակերպության մասին խոսելիս։ 

Նպատակը մեկն է

«Հեզբոլլահը» միանգամից չի դարձել քաղաքական ուժ։ 80-ականներին այն ստեղծվել է որպես Իսրայելի ռազմական դիմադրության շարժում։ Եվ չնայած այսօր «Հեզբոլլահը» Լիբանանում լիարժեք քաղաքական դերակատար է, Իսրայելի դեմ պայքարը շարունակում է մնալ շարժման հիմնական նպատակը, նրա գլխավոր շարժառիթը:

Անտեսանելիները

Գաղտնիությունը եղել և մնում է «Հեզբոլլահի»  հիմնական հատկանիշը: Հետևաբար, շատ փորձագետներ վստահ են, որ հենց «Հեզբոլլահի» անդամները և Իրանում նրանց հովանավորներն են մասնակցել ՀԱՄԱՍ-ի գործողության մշակմանը: Թեև Թեհրանում դա հերքում են՝ տվյալ դեպքում գործելով ճիշտ Իսրայելի իշխանությունների պես, որոնք հերքում են իրենց դերն Իրանի տարածքում տեղի ունեցած ահաբեկչություններում։ Կամ բազմիմաստ լռում են այդ մասին։

Նույնիսկ ռազմաճակատում «Հեզբոլլահը» չափազանց զգույշ է գործել։ Միշտ խուսափել է ուժի անօգուտ ցուցադրումից։ Տեխնիկան թաղված է։ Ուսումնական ճամբարները շարժական են և հնարավորինս քողարկված: Նրանց սկզբունքն է՝ չմտնել մարտի մեջ մինչև վերջին պահը, եթե հաղթանակի լիակատար վստահություն չլինի։

Նաև շարժման ղեկավարությունը վաղուց որոշել է գետնի տակ անցնել՝ ուղիղ իմաստով․ թունելների ճյուղավորված ցանցը Իսրայելի գլխավոր սպառնալիքներից է։

Պատերազմ և խաղաղություն

Ռազմական առումով «Հեզբոլլահը» ճանաչվել է լիարժեք բանակ, որի հզորությունը գերազանցում է Լիբանանի բանակին։ Դա մոտ 100 000 պատրաստված մարտիկներ և հարյուրհազարավոր հրթիռներ են: Ընդ որում, ոչ թե ՀԱՄԱՍ-ի նման, այլ խելացի ու դժվար խփվող։ Նշենք նաև տանկերի, ԲՄՊ-ների, ԶՀՀ-ների և այլնի մասին։

«Հեզբոլլահը» սոսկ ռազմական կազմակերպություն չէ։ Այն նաև լիարժեք քաղաքական ուժ է՝ տարածաշրջանում հսկայական թվով հզոր դաշնակիցներով։ Բուն Լիբանանում շարժման ղեկավարությունը հիմնել է «Ջիհադ ալ-Բինա» ասոցիացիան՝ հիմնադրամը, որը զբաղվել է ենթակառուցվածքների կառուցման և վերանորոգման նախագծերով, կրթական նախագծերով, փախստականներին, տարբեր հակամարտություններում տուժած մարդկանց օգնության ծրագրերով և այլն։ «Ջիհադ ալ-Բինա»-ի աշխատակիցները տարիներ շարունակ անվճար աղբ են մաքրել Լիբանանի փողոցներում՝ փրկելով շրջակա միջավայրը: Նրանք հազարավոր ընտանիքների ապահովում են մաքուր խմելու ջրով։ Կուսակցությունն սկսել է ակտիվորեն զբաղվել գյուղատնտեսությամբ. լիբանանցիներին բաժանել է տնկիներ, տրակտորներ, պարարտանյութեր, նրանց սովորեցրել մեղրի արտադրություն և այլն: Կուսակցությունը նաև հիմնել է «Իսլամական առողջապահության կազմակերպությունը», որն սկսել է անվճար դեղեր բաժանել և բժշկական ծառայություններ մատուցել դպրոցներում (այդ թվում՝ կատարել պատվաստումներ):

Եվ բացի դրանից

«Հեզբոլլահը» հետ չի մնում ՏՏ ոլորտի առաջատար տերություններից և հաքերների պատրաստումից։ Բնականաբար, դրա գիտական և տեխնոլոգիական բազան, ինչպես նաև ֆինանսավորումը, շռայլորեն տրամադրում է Իրանը։ Հիշեցնենք, որ ՀԱՄԱՍ-ի գործողության մեկնարկից առաջ իսրայելական անվտանգության բարդ համակարգը ջարդվել էր։

Փորձագետի կարծիքը

Պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Իսրայելի և հրեական համայնքների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյան

Ընդհանուր առմամբ, Իսրայելը հյուսիսում ունի ամրացված պաշտպանական գծեր։ Ավելին, Իսրայելը պարբերաբար զորավարժություններ է անցկացրել հենց երկրի հյուսիսում։ Բացի նախապատրաստական կառույցներից և համակարգված միավորումներից, Իսրայելը խաղադրույքներ է կատարում կանխարգելիչ միջոցառումների վրա, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի կիրառմամբ: Այդ իսկ պատճառով Իսրայելի համար արդեն պարտություն կարող է դառնալ «Հեզբոլլահի» լայնածավալ հարձակման փաստը, քանի որ դա կնշանակի, որ անվտանգության ապահովման իսրայելական համակարգի զսպող մեխանիզմները չկարողացան առանցքային զսպող դեր խաղալ։ Հյուսիսային ճակատում իսրայելական ռազմական հետախուզությունը ցուցանիշների առումով ամենաարդյունավետներից մեկն է։ Հետախուզության ջանադիր մասնակցությամբ Իսրայելը մի շարք ակտիվ գործողություններ է ձեռնարկել «Հեզբոլլահին» զսպելու համար՝ թունելների հայտնաբերում և վերացում, կազմակերպության համար նախատեսված սպառազինությամբ քարավանների նույնականացում և դրանց ոչնչացում Սիրիայի տարածքում, կազմակերպության առաջնորդների վերացում նաև Արաբական Հանրապետության տարածքում և այլն: Սակայն նույնիսկ այս դեպքում հետախուզությունն այս տարվա հուլիսին զեկուցել է, որ իսրայելական բանակը պատրաստ չէ պատասխանել «Հեզբոլլահի»  և այլ իրանամետ խմբավորումների կողմից հնչող սպառնալիքների ողջ ծավալին։

Թարգմանությունը՝ LIVEnws.am