Հայաստանի վարչապետը 6 ժամ թռչում է Գրանադա, իսկ 2-3 ժամ Բիշքեկ թռչել չի կարող․ Ալիև
«Մեզ նման միջնորդներ պետք չեն»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նկատի ունենալով Ֆրանսիային, մեղադրելով «դիվանագիտական բոլոր նորմերի կոպիտ խախտման, վիրավորանքների, կեղտոտ ակնարկների, սադրանքների ու սուտ հայտարարությունների մեջ»։
Նրա խոսքով, եթե որևէ մեկը ցանկանում է զբաղվել միջնորդությամբ, ապա այն չպետք է PR ակցիայի բնույթ ունենա, այլ պետք է ուղղված լինի արդյունք ստանալուն։
«Ռուսաստանի միջնորդությունը մենք գոհունակությամբ ենք ընդունում, քանի որ Ռուսաստանը մեր հարևանն է ու դաշնակիցը, նաև Հայաստանի դաշնակիցը և գտնվում է մեր տարածաշրջանում` ի տարբերություն նրանց, ովքեր հազարավոր կիլոմետրեր հեռու են։ Եվ, բնականաբար, մեր երկրների հարաբերությունների պատմությունը ներառում է ռուսական կողմի միջնորդությունը։ Մենք դրական ենք ընդունել այս առաջարկը, և մեր արտգործնախարարը պատրաստ է հանդիպել իր՝ ռուս և հայ գործընկերների հետ։ Ցավոք, հայկական կողմը հրաժարվեց այս հանդիպումից։ Հիմա հարց է ծագում։ Հայաստանը ցանկանո՞ւմ է խաղաղություն, եթե ցանկանում է, ապա չէր հրաժարվի այդ հնարավորությունից։ Հայաստանի վարչապետը վեց ժամ թռչում է Գրանադա, մասնակցում անհասկանալի հանդիպման, որտեղ քննարկվում է Ադրբեջանի հարցն առանց Ադրբեջանի, իսկ 2-3 ժամ Բիշքեկ թռչել չի կարող, նա կարևոր գործեր ունի։ Այս ամենի մասին պետք է բաց խոսել»,-ասել է Ալիևը։
Նա նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, շարունակել աշխատել խաղաղության պայմանագրի շուրջ։
«Եթե Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը մերժվի հայկական կողմից, կարծում եմ, որ այլընտրանք կարող են լինել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև ուղիղ բանակցությունները։ Մենք կվերլուծենք ցանկացած այլ հարթակ՝ հաշվի առնելով այն երկրների վերաբերմունքը, որոնք իրենց ծառայություններն են առաջարկում ճշմարտությանը՝ ոչ թե Ադրբեջանին, այլ ճշմարտությանը և միջազգային իրավունքին»,- ասել է Ալիևը ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը։

