Երևան քաղաքի կառավարումն իրականացնելու են ՔՊ-ն ու «Հանրապետությունը»
««Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» կուսակցությունները որոշել են կնքել հուշագիր՝ հաշվի առնելով սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքապետ ընտրված ՔՊ-ական Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ Երևան քաղաքի կառավարումն իրականացնելու են միասին՝ պատասխանատվությունը կիսելով։
Ասուլիսի ընթացքում հուշագիրը ստորագրեցին Տիգրան Ավինյանն ու Արտակ Զեյնալյանը։
«Հուշագիրը նշանակում է, գործադիրում նշանակումները կատարվելու են միասին ու փոխհամաձայնեցված։ Կառավարումն իրականացնելու են այս երկու խմբակցությունները միասին։ Բոլոր մանրամասները պարզ կլինեն հետագայում, ներքին քննարկումների արդյունքում մենք կներկայացնենք դրանք»,-ասաց Ավինյանը։
«Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանն ասաց՝ հուշագիրը ստորագրելիս առաջնորդվել են Երևանի, Հայաստանի շահով, Սահմանադրությամբ, ժողովրդական, իրավական պետության հիմնարար սկզբունքներով։
«Գուցե իդեալական տարբերակը չէ, սակայն իշխանություն ունենալն ավելի լավ սահմանադրական վիճակ է, քան իշխանություն չունենալը»,-ասաց նա։

