Երևանի ավագանու նիստին ներկա են ՔՊ-ն, «Հանրապետությունը» և «Հանրային ձայնը». միակ թեկնածուն Ավինյանն է

Երևանի նորընտիր ավագանու նիստին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» խմբակցության անդամները: Նիստին գրանցվել է ավագանու 65 անդամներից 37-ը:

Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել և գրանցվել է միայն Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Այս մասին հայտարարեց ավագանու նիստը վարող ավագանու տարեց անդամ Բադալյանը։

Նշենք, որ այս երեք խմբակցությունների ավագանու անդամնեըի ընդհանուր թիվը կազմում է 39, բացակայում են «Հանրային ձայն»-ից երկու անդամներ՝ Արտակ Գալստյանը և Տիգրան Ուրիխանյանը: Արտակ Գալստյանը կալանավորված է, իսկ Տիգրան Ուրիխնյանը՝ հետախուզման մեջ:

Ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամները եկել են շապիկներով, որոնց վրա իրենց կուսակցության կալանավորված անդամի լուսանկարներն են:

Նշենք, որ ավագանու անդրանիկ նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրություն, հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրման և ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանման հարցերն են։

Սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների տվյալներով նորընտիր ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․

«Քաղաքացիական պայմանագիր» – 24 մանդատ

«Ազգային առաջընթաց» – 14 մանդատ

«Մայր Հայաստան» – 12 մանդատ

«Հանրապետություն» – 8 մանդատ

«Հանրային ձայն»- 7 մանդատ։

Սա նշանակում է, որ որևէ ուժի չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ձևավորել, և քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ կլինի կոալիցիա ձևավորել:

Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանը» և Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» հայտարարել են, որ չեն մասնակցելու ավագանու առաջին նիստին, որպեսզի քվորում չապահովվի, ավագանին ցրվի և լինեն նոր ընտրություններ: Իսկ Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» թեև ավելի վաղ հայտարարել էր, որ մասնակցելու է ավագանու նիստին, սակայն երեկ հայտարարեցին, որ դեռ որոշում չունեն այդ հարցի առնչությամբ, թերևս, ցանկանալով մինչև վերջին պահը ձգել ինտրիգը: