Արցախից ՀՀ տեղափոխված բուժառուների թիվը 319 է, նրանից 117-ի վիճակը ծանր է, 14-ինը՝ ծայրահեղ ծանր
Լեռնային Ղարաբաղից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխված և Երևանի տարբեր հիվանդանոցներում բուժում է ստանում 319 պացիենտ։ Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Բուժհաստատություններում գտնվող 319 պացիենտ կա, որոնցից 117-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ 14-ինը` ծայրահեղ ծանր։ Ուրախալի է, որ որոշակի դրական դինամիկա ունենք, կան անձինք, որոնց վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են բաժանմունքներ, կան նաև դուրսգրումներ։ 5 երեխա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում»,– նշեց Ավանեսյանը։
Նա ընդգծեց, որ 3 երեխա առողջական դրական դինամիկայով արդեն տեղափոխվել է բաժանմունք, ևս 1 նորածին էլ այսօր դուրս է գրվել։

