Նիկոլ Փաշինյանը, կռիվ տալով Սերժ Սարգսյանի ստվերի հետ, կործանում է հայկական երկու պետականությունները

2018թ. ապրիլի 19-ին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսելով Արցախի հարցում փոխզիջումների մասին՝ ընդգծել է․

«Մենք այլ ճանապարհ չունենք, եթե մենք ունենայինք այլ ճանապարհ, այսինքն՝ առանց զիջումների ասել՝ չէ, վսյո, ամբողջը մերն է, և վերջ, միգուցե կարելի էր դրան գնալ, բայց չունենք այդպիսի ճանապարհ, դա խաղաղության ճանապարհը չէ։ Խաղաղության ճանապարհը համաձայնության գալն է, իսկ համաձայնության գալու համար անհրաժեշտ է երկու կողմի կարծիքը։ Մեր ամենակարևորագույն խնդիրը պետք է լինի՝ ամեն օր, ամեն ժամ աշխատել հայկական Զինված ուժերի մարտունակությունը պահպանելու և զարգացնելու վրա։ Սա է ամենառեալ միջոցը կայունությունը պահպանելու։ Իհարկե, մենք պիտի զարգացնենք, խորացնենք մեր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ, որովհետև նրանցից էլ է շատ բան կախված, բայց ամենահիմնականը՝ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ ու ՍՊԱՆ են»։

Եվ ահա նույն թվականի ապրիլի 23-ին նախագահը ստիպված եղավ հրաժարական տալ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց,

դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին,

դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին,

դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին,

դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին։

Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը։

Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։

Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին:

Շնորհակալ եմ»։

Հրաժարականին հաջորդեց նաև Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 8-ին Ազգային ժողովում վարչապետի պաշտոնում ընտրվելու գործընթացը, որը տեղի ունեցավ վերջինիս վերջնագրերով հայտարարությունների ներքո՝

«Եվ ես կամ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, ժողովրդի պահանջով, ժողովրդի աջակցությամբ, կամ էլ  Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի» (Պատահակա՞ն է արդյոք, որ 5 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը իր բոլոր ելույթներում անդադար շահարկում էր ժողովրդի անունը, իսկ այսօր արդեն այդ նույն ժողովրդին մեղսակից է դարձնում իր պարտություններում, դատեք ինքներդ)։

Ինչևէ, այո, Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի Հանրապետության վարչապետ, բայց ՀՀԿ-ի և հատկապես Սերժ Սարգսյանի ստվերը չդադարեց հետապնդել նրան։ Նիկոլ Փաշինյանը և քպ-ական գործիչները ամեն մի ձախողում վերագրում էին նախկիններին և արդարանում՝ թե բա իրենք մեղավոր չեն, իբր նախկիններն են արել, ժամանակ է պետք, որ շտկեն։ Բայց Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, այլ խնդիր էլ ուներ իր առաջ դրված․

Ինչ արեց Նիկոլ Փաշինյանը ինչպես ասում են՝ հերթով, կարգով շարքով

Եթե Սերժ Սարգսյանն ասում էր, որ մենք այսօր այն վիճակում չենք, որ չգնանք զիջումների և ասենք, որ ամբողջը մերն է՝ «Մենք այլ ճանապարհ չունենք, եթե մենք ունենայինք այլ ճանապարհ, այսինքն՝ առանց զիջումների ասել՝ չէ, վսյո, ամբողջը մերն է, և վերջ, միգուցե կարելի էր դրան գնալ, բայց չունենք այդպիսի ճանապարհ, դա խաղաղության ճանապարհը չի», ապա Նիկոլ Փաշինյանն արեց ճիշտ հակառակը։

2019 թ․ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում կազմակերպված ելույթի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով կառավարության ռազմավարական նպատակների աշխատանքային տարբերակը՝ ի լուր աշխարհի հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ» ։

Բնականաբար, սա չվրիպեց ոչ Ադրբեջանի բռնապետի, և ոչ էլ համանախագահող երկրների ուշադրությունից, և բանակցային գործընթացը փոխեց իր ուղին, և գուցե սա էր ակնարկում Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր, «դա հաջորդ թյուրիմացությունն ա, ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից։ Սա շատ կարևոր նրբություն է»:

Այս ամենին հաջորդեց Նիկոլ Փաշինյանի հաջորդ քայլը․ 2020 թ․ մայիսի 6-ին ԱԺ ամբիոնից պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ ընդգծեց, որ «լուծումը, որը կարող է տեսականորեն իրագործվել, այն լուծումն է, որն ընդունելի է Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար»։

Ամիսներ անց՝ սեպտեմբերի 27-ին, սկսվեց Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը, որը տևելով 44 օր, խլելով հազարավոր հայորդիների կյանքեր, հանգուցալուծվեց նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթով, որն ի դեպ ընդունելի էր բացառապես Ադրբեջանի ժողովրդի համար։ Բայց Նիկոլ Փաշինյանն ավելի հեռուն գնաց․

Նույն թվականի դեկտեմբերի 9-ին նույն ամբիոնից Փաշինյանը վերահաստատեց իր տեսակետը․ «Ես, այո, շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար»։

Երեք տարի անց նույն անձը կառավարության նիստում հանգիստ տեղեկացնում է՝ «վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա»։ Ի վերջո ո՞ւմ շահերն է սպասարկում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը։

 Իսկ ի՞նչ էր ասում ՀՀ 3-րդ նախագահը այս ողբերգությունը կանխելու համար

«․․․ Խաղաղության ճանապարհը համաձայնության գալն է, իսկ համաձայնության գալու համար անհրաժեշտ է երկու կողմի կարծիքը։ Մեր ամենակարևորագույն խնդիրը պետք է լինի՝ ամեն օր, ամեն ժամ աշխատել հայկական Զինված ուժերի մարտունակությունը պահպանելու և զարգացնելու վրա։ Սա է ամենառեալ միջոցը կայունությունը պահպանելու։ Իհարկե, մենք պիտի զարգացնենք, խորացնենք մեր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ, որովհետև նրանցից էլ է շատ բան կախված, բայց ամենահիմնականը՝ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ ու ՍՊԱՆ են»։

Նիկոլ Փաշինյանը փաստացի արեց բոլորովին հակառակը․

2020-ի քաղաքական անհեռատեսության հետևանքով մեկնարկած պատերազմի և դավաճանական պարտությունից հետո իշխանությունները լծվեցին ոչ թե հայկական Զինված ուժերի մարտունակության բարձրացման ծանր և պատասխանատու գործին, այլ սկսեցին կրկին նախկինների ստվերի հետ կռիվ տալ՝ մեղադրելով նախկին իշխանություններին, թե իբր նրանց մեղավորությամբ է, որ պարտվել ենք, զենք չենք ունեցել, որ կռվենք։ Իհարկե, այս ամենը փուչիկի պես պայթեցրեց հենց թեկուզ վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրապարակած՝ Արցախի ՊԲ-ից առգրավված զինտեխնիկայի ցուցակը։

Ավելին, Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբը ոչ միայն այս 5 տարիների ընթացքում և հատկապես պատերազմից հետո չզինեցին բանակը, այլև հնարավորինս փչացրին հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ և դաշնակցի հետ։ Երբ արդեն հնարավոր չէր և ծիծաղելի կլիներ իրենց իսկ ձախողումների մեջ մեղավորներ կարգել նախկիններին, քպ-ականները լծվեցին Ռուսաստանի Դաշնությանը այդ ամենում մեղադրելու գործին, ինչի հետևանքով Արցախն ու Հայաստանը մնացին բացառապես միջազգային հանրության սոսկ ուղերձների հույսին, Արցախի Հանրապետության կյանքի ճանապարհը՝ Բերձորի միջանցքը սկզբում արգելափակվեց կեղծ էկոակտիվիստների կողմից 2022 թ․ դեկտեմբերի 12-ին, այնուհետև լիակատար բլոկադայում հայտնվելով և զրկվելով կենսական անհրաժեշտության բոլոր միջոցներից՝ սեպտեմբերի 19-ին մեն-մենակ մարտնչեց թուրք-ադրբեջանական տանդեմի բաշիբոզուկների դեմ և դավաճան ու անտարբեր «բարեկամների» շնորհիվ նվիրաբերվեց արհեստածին Ադրբեջանին, իսկ Հայաստանի Հանրապետությունը հայտնվեց ծանր և երերուն դիրքերում։

Փաստացի, Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում արեց ճիշտ հակառակն այն ամենի, ինչ Սերժ Սարգսյանի համար առաջնահերթություն էր, արդյունքում այսօր հայ ժողովուրդը կանգնած է 1915 թ․ ողբերգական դեպքերի կրկնության վտանգի առաջ։

Ժաննա Ծառուկյան